2020 թվականի նորաձևության և դիմահարդարման թրենդների մասին Asekose.am-ը խոսել է «Ագա Քանքանյան» իմիջ կենտրոնի դիմահարդար Մերի Համբարձումյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց այն մասին, թե ինչպես կանայք պետք է ներկայանան 2020 թվականին:
«Առհասարակ, 2020-ի գլխավոր թրենդն «առողջ դեմքն» է: Այն արդիական էր նաև 2019-ին, իսկ եկող տարում արտահայտված կլինի հատկապես «ցրտահարված այտերի» տպավորություն ստեղծելու միտումը: Սա կարելի է կիրառել նաև ամենօրյա դիմահարդարման ժամանակ:
Ինչպես այս տարի, եկող տարի ևս ընդգծված և ներկված հոնքերը հակաթրենդ են լինելու. դրանք պետք է ունենան խնամված և բնական տեսք: Եվ, այս տարվա դիմահարդարման գլխավոր տենդենցների շարքը կարելի է եզրափակել բոլորի կողմից սիրելի աղեղներով, միայն թե 2020-ին դրանք կփոխեն իրենց գույները. սևին կփոխարինեն սպիտակը, երկնագույնը, վարդագույնը, նարնջագույնը, կարելի է ասել՝ բոլոր գույները»:
Այն հարցին, թե ինչպիսի՞ տեսք պետք է ունենան շուրթերը, Մերին ասաց, որ եթե դիմահարդարումը պայծառ է, ապա կարող եք օգտագործել պարզապես մեղմ թափանցիկ փայլ և եթե ուզում եք կենտրոնանալ շրթունքների վրա, ապա պետք է ընտրեք կարմիր կամ գինու գույն:
«Պետք է փաստեմ նաև այն, որ միանշանակ բոլոր տեսակի դիմահարդարումները չեն կարող համապատասխան լինել բոլոր կանանց: Շատ կարևոր հատկանիշ է դիմահարդարելիս հաշվի առնել մազերի, աչքերի գույնն ու, իհարկե, դիմագծերը»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց դիմահարդար Մերի Համբարձումյանը: