ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Դժվար է հույս տալ ծնողին, երբ ինքդ միայն ամենավատի մասին ես մտածում և քեզ կատարյալ անկարող զգում»։
Հիշեցնենք, որ երեկ Աննա Հակոբյանն այցելել էր Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է:
Աննա Հակոբյանը խոստացել էր կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Վարչապետի տիկինն ընդգծել էր, որ այս պարագայում Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է՝ ընդգծելով, որ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունից կախված որևէ բան լիներ:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, թե Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:
Կարդացեք նաև՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանից 16 օր է՝ տեղեկություն չկա. Արման Թաթոյան