Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մեկ ամսով կալանավորել ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին, իսկ նրա եղբոր՝ ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Դեռևս պարզ չէ, թե երբ կհրապարակվի որոշումը:

Ավելի ուշ դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մերժեց Էդգարի եղբորը Գոռին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ Գոռ Մալաքյանը կմնա ազատության մեջ:
Հիշեցնենք` Մալաքյան եղբայրները ձերբակալվել են օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը, երբ Կասկադում նրանց ու ոստիկանների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել:
Ըստ պաշտոնական տվյալների՝ եղբայրները, խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը, մյուսը՝ բռունցքով հարվածել ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող:
Հիշեցնենք, որ եղբայրները երեկ երեկոյան ազատ են արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից։ Լրացել էր ձերբակալվելու 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։


