▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցու զավակները հոգեկան ցնցումներ ապրեցին` տեղեկանալով Եղիա աբեղա Խաչատրյանի հրաժարական դիմումի մասին. նամակ Վեհափառին

Վեհափառ Հայրապետ,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հավատացյալներս ցանկանում ենք մեր մտածումներն ու սրտի խոսքը փոխանցել Ձեզ` մեր հոգևոր կյանքը խաթարող վերջին աղմկահարույց դեպքի կապակցությամբ: Շատերին է հայտնի, որ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքում պատմական դժվարին ու փշոտ ճանապարհ է անցել` վերելքների ու վայրէջքների դրվագներով հարուստ: Հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ փարված է մնացել իր Մայր Եկեղեցուն` նրանից ստանալով հոգևոր սնունդ և առաջնորդություն: Տարբեր ուժեր փորձել են նրան հեռացնել իր արմատներից, սակայն Եկեղեցին միշտ պայքարի է դուրս եկել նման ոտնձգությունների դեմ` թույլ չտալով, որ օտարները հային մասնատեն` նախ և առաջ զրկելով հոգևոր գիտակցությունից, որից էլ ծնվում է բարոյական արժեքների անկումը: Պատմությունը փաստում է, որ հայոց հայրապետները տարբեր առիթներով իրենց արդարության ձայնն են բարձրացրել հասարակական կյանքում տեղ գտած արատների ու ապօրինությունների դեմ:

Նրանք մինչև անգամ ստանձնել են դատավարության պաշտոնը, երբ հարկ է եղել անաչառ վճիռ լսելու անլուծելի թվացող հարցերի հարթեցման համար: Այս ամենը բոլորիցս շատ ավելի լավ ծանոթ են Ձեզ: Արդեն մի քանի շաբաթ է, որ ինչպես Հայ Եկեղեցու զավակները, այնպես էլ տարբեր խավերի մարդիկ հոգեկան ցնցումների և շփոթմունքի օրեր ապրեցին` մամուլից տեղեկանալով Հայ Եկեղեցու նվիրյալ սպասավորներից Եղիա աբեղա Խաչատրյանի հրաժարական դիմումի մասին: Այն որքան անսպասելի էր մեզ համար, նույնքան էլ անհասկանալի, միևնույն ժամանակ` վրդովեցուցիչ ու տխրեցնող: Համացանցում հետևեցինք նաև իր հրաժարականի արձագանքներին, որոնք բազմապատկեցին մեր սրտի ցավը: Այս առիթով է, որ կամեցանք բաց նամակով դիմել Ձեզ` որպես հայոց Հայրապետի: Վստահ ենք, որ ըմբռնումով պիտի մոտենաք խնդրին` բարի լուծում մատնանշելով: Նաև մեծ հույսեր ունենք, որ Հայր Սուրբը կշարունակի մնալ մեզ հետ` իր օգտակարությունը բերելով հազարավոր հայորդիներին, ինչի կարիքն այսօր անհամեմատ մեծ է ու անգին: Հայր Եղիային ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև` սփյուռքում: Բոլորը ապշած են այն ամենից, ինչ որ կատարվում է նրա նկատմամբ: Մենք նույնպես պատրաստ ենք վկայելու նրա մասին, ինչը բխում է մեր անձնական ճանաչողությունից և նրա հետ ունեցած երկարատև շփումներից:

Մենք սիրում և հարգում ենք բոլոր եկեղեցականներին, որոնցից յուրաքանչյուրը թանկ է մեզ համար: Հայր Սուրբը աչքի է ընկնում իր հոգևոր նկարագրով, բարեպաշտ կյանքով, խորը հավատքով և օրինակելի պահվածքով: Նրա հետ ունեցած մեր ամեն մի զրույցը ամրապնդում է մեր հավատքի քայլերը, նորոգում մեր կապը եկեղեցու հետ, հարստացնում կրոնական մեր գիտելիքները: Պարզապես հիանալ կարելի է նրա ուսման զարգացվածությամբ ու գիտելիքների պաշարով: Բազմաթիվ ուխտագնացություններ ենք ունեցել նրա հոգևոր առաջնորդությամբ: Ուխտի ամբողջ ճաապարհին Հայր Եղիան մեզ հետ միասին աղոթում էր` շարականների և հոգևոր երգերի ուղեկցությամբ: Չենք կարող մոռանալ նրա մատուցած Սուրբ Պատարագները, որոնց ժամանակ մի պահ կտրվում էինք առօրյա կենցաղից` հոգով ու մտքով սլանալով երկինք:

Իսկ քարոզների ամեն մի բառը, որպես հոգու իմաստություն, դեռևս դրոշմված է մեր սրտերում: Սա կարող է վկայել յուրաքանչյուրը, ով լսել է նրա խոսքը նաև ռադիոհաղորդումների ժամանակ և կարդացել տարբեր թերթերի էջերում: Վերջերս համացանցի միջոցով ընթերցեցինք Ձեր հարցազրույցը, տպագրված  «Նոր Յառաջ» թերթի 271 և 272 համարներում, որտեղ հենց սկզբում Դուք նշել էիք, որ «հայ կրոնավորի առաքելությունն է դեպի Աստված առաջնորդել Քրիստոսի հավատացող հայ մարդուն և նպաստել նրա հոգու փրկությանը, որպեսզի նա ինքնամաքրմամբ կարողանա արժանանալ աստվածտեսության և հավիտենական կյանքի»: Այս խօսքերը մեզ ոգևորություն պատճառեցին: Ամենայն անկեղծությամբ հավաստիացնում ենք, որ Հայր Եղիա աբեղան հավատարիմ է կրոնավորի իր այս վեհ առաքելությանը և ավելիով կատարում է Եկեղեցու կողմից պահանջվածը: Ուստի մեկ անգամ ևս խնդրում ենք, որ Դուք, որպես բոլոր հայերի հոգևոր հայր, ներողամտության ոգով դրական լուծում տաք Հայր Սուրբի հարցին, ինչն էլ կնպաստի, որ հայ հավատացյալը ամուր մնա իր եկեղեցասիրութեան մեջ և հոգա իր հոգևոր բազմապիսի կարիքները: Հուսով ենք, որ չեք անտեսի Հայ Եկեղեցու զավակներիս թախանձանքը, և Հայր Սուրբը չի հեռանա մեզանից` շարունակելով իրականացնել իր հոգևոր ծառայությունը, որը չափազանց սպասված և գնահատված է հայորդիների կողմից: Առաջիկա օրերին Ձեզ կփոխանցենք այս նամակը ստորագրածների անվանացանկը` նամակով հանդերձ:  

Հարգանքներով` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հավատավոր զավակներ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին