Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացվելիք ընտրություններին, թվում էր, ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է ակտիվորեն նախապատրաստվեին, ձևավորեին լայն հասարակական ճակատ, փորձեին կոտրել վախի մթնոլորտը, որ, ըստ նրանց պնդումների, առկա է Սյունիքում, սակայն, ինչպես տեսնում ենք, առ այժմ որևէ լուրջ նախապատրաստական աշխատանք չկա: Ընդդիմության համար Սյունիքի ընտրությունները պետք է դիտարկվեր ոչ թե պայքար մեկ մանդատի համար, այլ տարածաշրջանում իրավիճակը քաղաքական դաշտ տեղափոխելու բացառիկ հնարավորություն, այն դեպքում, երբ համապետական ընտրությունների բացակայության պայմաններում հասարակական ակտիվի ուշադրությունը կենտրոնանալու է հենց այդ ընտրատարածքում ընթացող պրոցեսների վրա: Սակայն, ընդհանուր տպավորությամբ, ընդդիմադիր ուժերը այդքան էլ չեն շտապում լծվել պայքարի՝ հասարակությանը մեն-մենակ թողնելով իր խնդիրների դեմ: Էլ ինչու էիք կոկորդ ճղում Սյունիքում առկա վախի մթնոլորտի, կամայականությունների մասին: Ինչու չեք օգտագործում բացառիկ առիթը՝ սյունեցու կողքին կանգնելու և տուն առ տուն քաղաքացիական ոգին բարձրացնելու համար: Ընդդիմության կառույցը, ի վերջո, հենց այդ պասիվության արդյունքում դառնում է չբեր: Այդ կառույցը, որպես կանոն, Հայաստանում դառնում է մեկանգամյա օգտագործման ռեսուրս, որովհետև ընտրությունից ընտրություն ընկած ամբողջ ժամանակահատվածում որևէ լուրջ գործողություն չի կատարում: Հենց այդ է պատճառը, որ բոլոր ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ընտրազանգվածը նոր ֆավորիտներ է փնտրում:
Համախմբվեք և պայքարեք, հատկապես, որ վերահիշվալ ընտրատարածքում խնդիրները շատ ավելի սուր են դրված: Եվ ձեր իմունիտետը կբարձրանա, եվ հասարակությունը իրեն անպաշտպան չի զգա...
Վարուժան Բաբաջանյանի գրառումը
Ֆեյսբուք