«Քրեական տարրերը, որոնք դեռևս չեն բացահայտվում և որոշակի կեղծ քաղաքական ուժեր դեմ չեն բռնությամբ հարցեր լուծելուն: Մինչ օրս ոչ ոք լուրջ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ գործելաոճը նույնն է, սակայն քաղաքացիական ակտիվիստները շարունակելու են պայքարել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին` ասաց «Նախախորհրդարան»-ի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը` մանրամասնելով.
«Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ որոշակի բախումներ են եղել` կապված ոստիկանության անհամաչափ ուժերի կիրառման, ապօրինի գործողությունների հետ: Դմիտրին, կարելի է ասել, շատ ակտիվիվստներից պասիվ է եղել, սակայն բերման ենթարկեցին և որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը, հետո, քանի որ չկային հիմնավոր փաստեր` խափանման միջոցը փոխվեց և նա հիմա ընտանիքի հետ է»:
Հարցին, թե ինչի՞ արդյունք էր ակտիվիստի` ազատ արձակումը, արդյո՞ք որևէ ազդեցություն ունեցել է նրա մայրը, բանախոսը պատասխանեց.
«Ակտիվիստի ազատ արձակումը կապված էր բավարար ապացույցներ չգտնելու հանգամանքով, իսկ այն, թե մայրը որևէ դեր խաղացել է, թե ոչ, որևէ մեկը չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել»:
ինչ վերաբերում է «Փակ շուկա»-ում քաղաքացիական ակտիվիստների ծավալած գործունեությանը, մի խումբ քաղաքացիների հայտնվելուն ու ապօրինի շինարարությունը պաշտպանելուն, ապա Վարուժան Ավետիսյանի խոսքով իրենք խիստ կասկածում են, որ այդ մարդիկ իրենց կամքով են գալիս:
«Նրանք մեր ժողովրդի մի մասն են և երբեք բախման չենք գնա մեր հայրենակիցների հետ»