Երաժիշտ, կոմպոզիտոր Արա Գևորգյանն Asekose.am-ի հետ զրույցում նշում է, որ երբևէ քաղաքականությամբ չի զբաղվի, և իր միակ քաղաքականությունը հայրենիքին մինչև կյանքի վերջ ծառայելն է:
«Երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել, երբևէ չեմ էլ լինի: Ոչ թե ինչ որ մեկից նեղացած եմ , այլ ես չեմ ուզում ինչ-որ մեկի հետ կիսվել, ուզում եմ բոլորին ծառայել, ՝ չեմ ուզում ինչ որ մեկի կողքին լինել` մեկ ուրիշին դառնալ թշնամի»,-ընդգծում է Արա Գևորգյանը:
ՀՀ վաստակավոր արտիստը նշում է, որ ուզում է լինել ինքնուրույն, քանի որ երբեք որևէ մեկին չի պատկանել, որևէ մեկի հրամանները չի կատարել, երբեք որևէ մեկից չի կաշառվել:
«Դա ինձ լավ ապրելու հնարավորություն է տալիս, ինձ համար շատ կարևոր է անձնական անկախությունը: Երբ որոշ սկանդալ փնտրող լրագրողներ ինձ հարցնում են` ինչու չեք մասնակցում այս կամ այն հանրահավաքին ես պատասխանում եմ, երբ հրապարակում կլինի ամբողջ ժողովուրդը` ես կկանգնեմ այնտեղ, այսինքն` ես միասնության ու հայրենիքին ծառայելու կողմնակից եմ»,-նշում է երաժիշտը:
Չնայած բազում դժվարություններին` Արա Գևորգյանն իրեն գնահատված արվեստագետ է համարում, քանի որ զբաղվում է իր սիրած գործով:
«Բացարձակապես կապ չունի ինձ մեդալ կտան, չեն տա: Իհարկե շատ հաճելի է, երբ քեզ մեդալով են գնահատում, բայց հաճախ ասում եմ` ինձ մեդալ մի տվեք էլի, որովհետև յուրաքանչյուր նոր մեդալի հետևից չար լեզուներ են ավելանում»,-պարզաբանում է արվեստագետը:
Եզրափակելով զրույցը` երաժիշտը բոլորին խորհուրդ է տալիս ցանկացած բան անելուց և ասելուց առաջ, իրենց հարց տան` բա ո՞ր:
«Բա որ ես այս վատ խոսքն ասեմ` գործերս հաջող չգնա՞ն, բա որ մեքենան արագ վարեմ` մեկի կյանքը վտանգե՞մ և այլն»: