▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում է ԳԴՀ նախկին նախագահն, ում ներդրումը մեծ է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։ Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով Յոախիմ Գաուկին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել նրան մարդասիրական գործունեության համար` բարձր գնահատել նրա մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նախագահը հիշեցրել է, որ համայն հայությունը երախտիքով ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում էկումենիկ պատարագի ժամանակ: Նշելով, որ Հայաստանը և Գերմանիան բարեկամության ու համագործակցության երկարամյա պատմություն ունեն` նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Գերմանիան և գերմանական ընկերությունները Հայաստանը կարող են դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն: Նա ընդգծել է համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը մասնավորապես մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: «Ես կուզենայի, որ գերմանական միջազգային խոշոր ընկերությունները համագործակցեին Հայաստանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկայի ոլորտներում»,- ասել է նախագահը: Խոսելով մշակութային համագործակցության հնարավորությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մշակութային տեսանկյունից, կարծում եմ, կարող ենք համագործակցել նախագահական մեր նախաձեռնության շրջանակում՝ տարբեր երկրների մշակույթների ներկայացում նախագահական նստավայրում, որի ընթացքում այցելուները կկարողանան տեսնել ոչ միայն նստավայրը, այլև ծանոթանալ տարբեր ազգերի պատմությանն ու արվեստին»:

/filemanager/uploads/Gauk.jpg

Գերմանիայի նախկին նախագահն իր հերթին նշել է. «Ինձ համար շատ ուրախալի է այն փաստը, որ տարածաշրջանում հանձին Ձեզ հանդիպում եմ այնպիսի նախագահի, ով սերում է գիտական շրջանակից: Պատիվ ունեմ այսօր ներկա գտնվելու այստեղ: Լսել եմ, որ Հայաստանում համակ ուշադրությամբ հետևել են Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ ելույթին, և ես շնորհակալ եմ, որ արդեն ոչ թե հեռավորության վրա, այլ մոտիկից կարող եմ ծանոթանալ ձեր երկրին, նրա ժողովրդին և մշակույթին»: Հանդիպմանը ջերմ ու անկեղծ մթնոլորտում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հեռանկարների, հայ-գերմանական հարաբերությունների, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես  հանդիպում է ունեցել մասնավոր այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Յոահիմ Գաուկին:

Վարչապետը ջերմորեն ողջունել է պարոն Գաուկի այցը մեր երկիր և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: «Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր հայտարարությունը դարձավ մեկնակետը, որի արդյունքում Գերմանիայի Բունդեսթագը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց»,- ասել է վարչապետը և կարևորել պարոն Գաուկի գործունեությունը նաև իրավապաշտպանության ուղղությամբ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ: «Հիմա շատերն են հարցնում, թե ինչպես հեղափոխությունը տեղի ունեցավ առանց զոհերի: Դրա պատասխանը պարզ է. մեր հեղափոխությունը հիմնված էր քրիստոնեական արժեքների վրա, որոնք թույլ են տվել առանց ցնցումների իրականացնել փոփոխությունները»,- ասել է վարչապետը: Անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ դրանք զարգանում են դինամիկ կերպով, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ: Որպես արդյունք` վարչապետը շեշտել է Գերմանիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը. այդ առումով գերմանացի զբոսաշրջիկների այցերի աճը երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո: «Ինձ համար կարևոր է մարդկային այն հոգատարությունը, որը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ տածում է Գերմանիայի կանցլերը, ինչը կարևոր մարդկային գործոն է ավելացնում հայ-գերմանական հարաբերություններին: Համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունների մթնոլորտն էլ ավելի կլավանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Յոահիմ Գաուկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Դուք Ձեր խոսքում հիմնավորեցիք իմ այցի կարևորությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ գերմանական հանրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը խորապես ընկալվի: Կարևորն անցյալում տեղի ունեցած իրադարձություններն արձանագրելն է: Մենք հիանում ենք այն հանգամանքով, որ Հայաստանում տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ` ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իրավական պետություն կառուցելու ուղղությամբ»,- նշել է Գերմանիայի նախկին նախագահը` ավելացնելով, որ Հայաստանի պատմական առաքելությունը պետք է լինի այս տարածաշրջանում իրական ժողովրդավարություն կառուցելը: Յոահիմ Գաուկն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը և Եվրոպական միությունը ամենայն ուշադրությամբ են հետևում Հայաստանի փոփոխություններին: Գերմանիայի նախկին նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանի իրավական համակարգի զարգացմանն ու երկրում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար: Իր հերթին վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ իր գլխավորած կառավարության ամենամեծ առաքելությունն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի փոփոխությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին