Գյումրիի «Սթիլ» կերպարվեստի թանգարանում տեղի կունենա «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը նվիրված է 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժի լուսաբանմանը: Կներկայացվի հայկական և սովետական ռուսալեզու մամուլի անդրադարձը երկրաշարժին՝ ամենաբնորոշ հրապարակումները և թերթերի առաջին էջերը, հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև չլուսաբանված արխիվային նյութեր։
«Ցուցահանդեսը բաց համակարգ է, վերցնում, օգտագործում ենք ցանկացած նյութ, որը մեզ կհասնի: Կլինեն ցուցանմուշներ, սակայն շատ բան կլինի էլեկտրոնային տարբերակով, իսկ առանձնացված փոքրիկ անկյունը, որը կապ չունի թեմայի հետ, նախատեսված է երիտասարդների, երեխաների համար, ովքեր կարող են, ասենք, ռեպորտաժ պատրաստել»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ցուցահանդեսի մասին` ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Նրա խոսքով ցուցահանդեսներից առաջինը կազմակերպված է «Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում։ «Լրատուն»-ը կոչված է ներկայացնելու Հայաստանի վերջին 25 տարվա նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը. ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել ԶԼՄ-ները Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո անցած շուրջ քառորդ դարի ընթացքում, ինչպե՞ս են նրանք լուսաբանել երկրի համար բախտորոշ իրադարձությունները։ «Լրատան» հայեցակարգը հիմնված է մուլտիմեդիա սկզբունքի վրա, ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Նշենք, որ 2013 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում «Լրատան» առաջին ցուցահանդեսները կներկայացվեն Հայաստանի տարբեր քաղաքներում` Գյումրի, Վանաձոր, Մարտունի, Կապան, Երեան: