Վերջին օրերի քաղաքական փոխհրաձգությանն ու իրադարձություններին զուգահեռ վերջապես պարզություն մտցվեց տարիներ ի վեր չարչարկված մեկ այլ հարցում: Ո՞վ է իրականում ԲՀԿ-ում որոշում կայացնողը և ո՞ւմ ցուցումներով է ղեկավարվում կուսակցությունը:
Ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հանդես եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իր պաշտպանության տակ առավ այն, ինչն ինքն էր ստեղծել և ում քաղաքական ու տնտեսական շահերին էր ծառայում. «Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից»:
Որքան էլ ԲՀԿ-ի ու նրա շուրջ միավորված ուժերի համար անսպասելի էր Քոչարյանի անատամ մեկնաբանությունը, այնուամենայնիվ, Քոչարյանը փորձեց իր պաշտպանության տակ առնել Ծառուկյանին՝ իր խոսքում մեխը դնելով վերջինիս անձնական անվտանգության վրա:
ԲՀԿ-ի տապալումը Քոչարյանի համար կդիտվի որպես իր քաղաքական ու տնտեսական ազդեցության կտրուկ նվազեցում, ինչն անշուշտ առաջին հերթին է անհանգստացնում երկրորդ նախագահին:
Ինչևէ, Քոչարյանը իշխանություն-ԲՀԿ առճակատումը թույլ չտալու համար պետք է ակտիվ խաղի մեջ մտներ ավելի վաղ՝ հորդորելով ԲՀԿ-ին՝ չկատարելու քայլեր, որոնք կոնֆրոնտացիայի կբերեին: Գնացքն արդեն գնացել է, իսկ ստեղծված իրավիճակում Քոչարյանի ազդեցությունը որոշումների կայացման հարցում նվազագույնին է հասցված: