Քանի որ անձամբ որեւէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որեւէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի ընկերներ եւ լրագրողներ:
Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն:
Քանի որ անձամբ որեւէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որեւէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:
Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով եւ մեղադրանքով, այդ պահից ես եւ փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով:
Շնորհակալ եմ աջակցության, հետաքրքրության եւ զորակցության համար:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարարը առերեւույթ կատարել է չարաշահումներ»։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարարը առերեւույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործություն:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, դեպքերի վերաբերյալ նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: