▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս իշխանությունները չհոգնեցի՞ն նույն ձևով կառավարելուց

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը համոզված են՝ Հայաստանում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

«Երիտասարդությունն է դուրս եկել փողոց, որովհետև ոչ ոք չի հետաքրքրվում, թե նրանք ի՞նչ են ուզում, ինչպե՞ս են ուզում ապրել: Նրանք անտեսված են: Իշխանությունը նրանց մասին պատկերացումը սահմանափակել է միայն ՀՀԿ-ական ուսխորհուրդների ղեկավարներով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Ռուբեն Բաբայանը:

Տիկնիկային թատրոնի տնօրենը կարծում է՝ պետք է նստել երկխոսության սեղանի շուրջ ու հասկանան, թե ինչպիսի՞ երկրում ենք ուզում ապրել.

«Պետք է ապրենք 21-րդ դարում՝ 2018 թվականին, թե անցյալ դարի 60-70-ական թվականներում: Մեր քաղաքական էլիտան այդպես էլ չզգաց, որ նոր սերունդը Սովետական Միության հետ կապ չունի: Այս հզոր շարժմանը մասնակցող երիտասարդներին պետք չէ հուսախաբ անել, նրանք իրենց կյանքն ուզում են կապել այս երկրի հետ: Պետք է հասկանանք, որ անկախ կոչերից՝ խոսքը համակարգային փոփոխության մասին է: Կարելի է  արտահերթ ԱԺ ընտրություններ անել, բայց արդար»:

Ռուբեն Բաբայանը նկատում է.

«Մեր դատական համակարգը պետք է լինի անկախ, ընտրությունները պետք է ազնիվ լինեն, բացառվի ընտրկաշառքը: Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն պետք է դառնան իսկապես հանրային: ԱԺ-ն չպետք է աշխատատատեղերի բորսա դառնա:

Կուսակցությունները պետք է հավասար իրավունքներ ունենան:

ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում նույն կուսակցության ներկայացուցիչները քննադատում են իրենց ղեկավարներին, օրինակ՝ հանրապետականները Թրամփին: Միայն Ղազախստանում, Հյուսիսային Կորեայում, Բելառուսում, Ռուսաստանում ու Հայաստանում են կուսակցության ղեկավարին որպես Հիսուս Քրիստոս ընդունում: Մի հատ ձայն հանեք: Մի՞թե մեկ մարդու հետ ամեն ինչում կարելի է համաձայնել: Նման բան չկա:  Ո՞նց կարող են սեփական կարծիք չունենալ»:

Նիկոլայ Ծատուրյանն էլ նշեց.

 «Էս իշխանությունները չհոգնեցի՞ն նույն ձևով կառավարելուց: Համակարգն է պետք փոխել: Բոլոր այն երևույթները, որոնք մեզ մոտ սովորական են դարձել՝ գողություն, կոռուպցիա, կաշառք, օրենքի ոտնահարում, տնտեսական ողորմելի վիճակ, ոչինչ չի փոխվի»:

Անի Կարապետյան

Ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել արդեն 7-րդ օրը  շարունակվող ցույցը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին