Համակարգը չէր կարող հանդուրժել մեկին՝ իմա Գագիկ Ծառուկյանին, ով այդ համակարգի ծնունդն է, հարստացել, աճել է այդ համակարգի թողտվությամբ և հովանավորությամբ ու հանկարծ որոշում է դուրս գալ նույն այդ համակարգի դեմ: Սակայն Ծառուկյանը կարծես թե անցավ ռուբիկոնը: Մեր երկրում շատ մարդիկ կան, որոնք չեն կասկածում, որ սա Գագիկ Ծառուկյանի կռիվը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի: Ի վերջո ոչ ոք չի կարող ժխտել, որ առանց այդ երկու գործիչների Ծառուկյանը ի վիճակի չէ այսպես ասած համաժողովրդական պայքարը առաջ տանել: Խոսքը ոչ փողի, ոչ էլ մարդկային ռեսուրսի մասին չէ, այլ տակտիկա մշակելու կարողության: Ծառուկյանը կարծես թե գլխի չի ընկնում, որ պայքարի ինչ-որ մի հատվածից առաջնորդի իր դիրքը զիջելու է կամ Քոչարյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև ժողովրդական ընդվզման մեծ ալիքի դեպքում անհրաժեշտ է լինելու իրական առաջնորդի կարիք, իսկ նման հատկանիշներ Ծառուկյանը վստահաբար չունի: Դա շատ լավ հասկանում են և Քոչարյանը և ԼՏՊ-ն: Եթե հիշում եք Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ կվերադառնա քաղաքականություն, եթե հասարակությունը պահանջի: Ահա ժողովրդական պայքարի ինչ-որ մի փուլում հասարակությունը կարող է պահանջել Քոչարյանի վերադարձը, քանի որ նրա համար արդեն միևնույն կլինի, թե ով է առաջնորդը, միայն թե իշխանությունը տապալվի: ԼՏՊ-ն առաջնորդ կամ նախագահ դառնալու հնարավորություն գրեթե չունի, բայց այս խաղում ապագա իշխանությունը Ծառուկյանի հետ կիսելու մեծ հավակնություն ունի:
Ստեղծված իրավիճակում Ծառուկյանն ունի բոլորի կարիքը՝ մարդ կուսակցություններից սկսած ԼՏՊ-Րաֆֆիով վերջացրած: Եթե 5 օր առաջ բոլորը կախված էին Ծառուկյանից, ապա այսօր Ծառուկյանն է բոլորից կախված:
ՀԱԿ-ի և Ժառանգության հարցը պարզ է: Այս ուժերը ինչպես միշտ առիթից օգտվելու են՝ իրենց ձեռքերը Ծառուկյանի կրակի վրա տաքացնելու համար: Քաղաքական դաշտի մյուս դերակատարներից Դաշնակցությունը բնականաբար կանգնելու է ՀՀԿ-ի կողքին, քանի որ ՀՅԴ-ի համար Սահմանադրական փոփոխությունները գերխնդիր են, ինչպես ՀՀԿ-ի համար: Հետաքրքիր նախադեպ է ՕԵԿ-ը: Բոլորս ենք հիշում, թե Ռոբերտ Քոչարյանը ինչպես էր ցանկանում պայթեցնել ՕԵԿ-ին: Չենք կարող ժխտել, որ ՕԵԿ-Քոչարյան պայքարում հաղթեց ՕԵԿ-ը: Հակառակ պարագայում այդ կուսակցությունը հիմա չէր լինի: Հիմա ինչ կանի Արթուր Բաղդասարյանը: Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի ելույթին Հեղինե Բիշարյանի անդրադարձը հավանական է դառնում, որ Բաղդասարյանը կաջակցի Ծառուկյանին: Մեծ հաշվով նույն Ծառուկյանին օդու ջրի պես պետք է հենց Բաղդասարյանի աջակցությունը, ով ոչ միայն չափազանց խելացի ու փորձառու առաջնորդ է, այլ ոչ պակաս կարևոր է ունի մեծ կապեր դրսում, իսկ նրա գլխավորած կուսակցությունը հիմա շատ ավելի կազմակերպված ու միասնական է, քան նույն ՀԱԿ-ն ու Ժառանգությունը, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում:
Թե ինչ կլինի պարզ կլինի առաջիկա օրերին, սակայն մի բան հստակ պարզ է ներքաղաքական պատերազմը սկսված է կամ Ծառուկյանի լիակատար ջախջախմամբ, կամ իշխանափոխության իրականացմամբ: 3-րդ տարբերակը կարծես թե այս պահին բացակայում է: