Եթե այդպես գնա հաջորդ բաց նամակը կարող է լինել այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք. այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բաց նամակին, թե խախտվել է «Նորագավիթ» ավտոմաքսատան աշխատակցի աշխատանքային իրավունքը։
«Գիտեք, ես կարծում եմ, որ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետեւ Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրվելուց 1 տարի հետո, վարչապետը պաշտոնանկության ենթակա չէ: Ինչի՞ մասին է խոսքը: Կարո՞ղ եք բացատրել, թե այդ միջադեպի հետ կապված ինձ ինչում են մեղադրում: Ասում են՝ այ, Նիկոլը մեծամտացել է, մաքսայինին ասում է, որ վարչապետը մոտենում է՝ այդպես չեն կանգնում: Եթե վարչապետի մոտենալն է այդպիսի արձագանք առաջացնում կամ չի առաջացնում, հիմա ի՞նչ եք կարծում՝ շարքային քաղաքացու մոտենալը որեւէ արձագանք կառաջացնի՞: Բա էդ մաքսային մարմիններից, որ այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, ինչի՞ մասին է. որ, օրինակ, պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը, որեւէ ռեակցիա չի առաջացնում»:
Դիտարկմանը, թե խնդիրը համակարգային է, բայց այդ պահին այդ տղան հայտնվեց թիրախում, վարչապետն արձագանքեց. «Ես չէի պլանավորել հատուկ, որ պետք է մտնեի այդ սենյակ: Իմիջայլոց, ես հետո հետաքրքրվել եմ, մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքն աշխատել է պետական եկամուտների կոմիտեում, մի կարճ ժամանակ աշխատել է Ազգային ժողովում և հետ է եկել ՊԵԿ»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինքն ասել է, որ աշխատակիցը դիմում գրի, վարչապետը նշեց. «Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել է այդ օրվա ակցիան: Հենց այդ օրը ամբողջ պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն եւ ես կարող եմ ասել, որ դա իր նպատակին ծառայել է»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ լավ մասնագետը աշխատանքի խնդիր չի կարող ունենալ. «Քաղաքացու մասին չի խոսքը, մինչեւ քաղաքացի լինելը այդ իրավիճակում մեր սիրելի հայրենակիցը նախ ուսադիրների տակ զինվորական իրավիճակում եւ կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է՝ ուսադիրներով մարդ: Եթե ուսադիրներով մարդու՝ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չէ՝ ես մնում եմ իմ կարծիքին եւ հարգում եմ մնացածի կարծիքը»:
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց Նորագավիթի ավտոմաքսատան ծառայողներին հեռացնել աշխատանքից