«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն այսօր վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին մի քանի հարց ուղղեց:
Առաջին, հասարակական հարցումները ցույց են տալիս, թե 2017-ի քաղաքական մեծամասնությունը ձեւավորվել է ընտրակաշառքով: Ձեր գնահատականը դրա մասին ինչպիսի՞ն է: Ինչպես հավատան ընտրության արդյունքներին հանրությունը, այն քաղաքացիները, որոնք այսօր ընդվզում են փողոցում:
Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդումներին եւ դրանց համար օրենքով չնախատեսված պատժին: Եղել են այդպիսի դեպքեր Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ: Որպես նախկին նախագահ՝ ազդե՞լ է այդպիսի գործերի վրա:
Օրենսդիր մարմնի անդամի մյուս հարցը վերաբերում էր ՄԻԵԴ-ում Հայաստանի պարտությանը եւ մեր երկրի դեմ դատական գործերին:
Եվ վերջապես մյուս հարցը վերաբերում էր կառավարության ամառանոցից Սերժ Սարգսյանին տուն հատկացնելուն: Արդյոք այդ որոշումը Սերժ Սարգսյանն է ստորագրել:
Սերժ Սարգսյանը չպատասխանեց այս պահին փողոցում ընդվզում անող քաղաքացիներին, որոնք Փաշինյանի գլխավորությամբ պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Ինչ վերաբերում է ընտրությունները կաշառքով գնելուն, Սերժ սարգսյանն ասաց, որ համաձայն չէ դրա հետ, քանի որ ընտրությունների օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են: «Եթե համատարած կաշառք բաժանվեր, ժամանակակից պայմաններում, երբ շատ ներողություն, ամեն գործիք նկարում է, քաղաքացիական հասարակությունը համացանցը հեղեղած կլիներ ընտրակաշառքի բաժանման դեպքերով: Բարեգործության անվան տակ գուցե եղած լինեն այնպիսի դեպքեր, բայց դրանք այն դեպքերը չեն, որ ազդեն ընտրությունների վրա»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը հերքեց քաղաքական հայացքների համար քրեական հետապնդման համար ձերբակալվածների մասին լուրերը: Սարգսյանի խոսքով՝ նույնիսկ մեղմ վերաբերմունքի են ենթարկվել դատարանների կողմից այդ մարդիկ:
ՄԻԵԴ-ի մասին խոսելիս ՀՀԿ ղեկավարն ասաց, որ ՀՀ որեւէ չկատարված պարտավորություն չունի: «Նախնական կալանքի դեպքում ենք մի քիչ շեղվել եվրոպական չափանիշներից»,- ասաց վարչապետի թեկնածուն:
Անդրադառնալով իրեն ամառանոց տալու մասին կառավարության որոշմանը՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ որոշումն այս շենքում՝ԱԺ-ում է ընդունվել: «Օրենքից օգտվել են նախորդ 2 նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով ինձ դա չի հասնում կարող եմ հետ վերադարձնել: Եթե հասնում է, ապա պետք է շնորհավորեք: Ես էլ ունեցա սեփական տուն Երեւանում»,- հայտարարեց ՀՀԿ ղեկավարը:
Արտակ Զեյնալյանի արձագանքին, թե այդ սեփականությունը կառավարության անդմաներին հատկացվող ամառանոցից է, Սերժ Սարգսյանն ասաց, որ իր համար տարբերություն չկա, թե այդ սեփականությունը որտեղից է: Եթե տարբերություն լիներ, ինքը կասեր այդ մասին: