▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ եթե Դիանան, ավելի շատ սիրեր, ոչ թե իր անձը, այլ՝ զավակներին, ապա չէր շահագործի իր հնարավորությունները

Իմաստուն է ժողովուրդը. Ճշմարտությունն աչք է ծակում, որից էլ, այս պարագայում, ոչ սցենարիստ, այլ մայր Դիաննայի ինքնասիրությունն է վիրավորվել: Իսկ դառը ճշմարտությունն այն է, որ իրականում Դիաննայի երեխաների մեջ դերասանական ջիղ՝ դույզն անգամ չկա: Այս կարծիքին են շատ-շատերը: Եթե միայն Դիանան հնարավորություն ունենար և կողքից լսեր սերիալասիրահարների  արտահայտած, մեղմ ասած՝  կարծիքները հերթական սերիալի, հերթական սերիայից հետո՝ կամաչեր, որ խաղացել է  իր մատղաշ երեխաների հեղինակության հետ:  Եվ եթե Դիանան, ավելի շատ սիրեր, ոչ թե իր անձը, այլ՝ զավակներին, ապա չէր շահագործի իր հնարավորությունները և սեփական երեխաներին, նրանց միջոցով գումար վաստակելու համար: Պետք չէ, ջայլամի նման գլուխը թաքցնել և չտեսնելու տալ այն, ինչը, հենց ինքը Դիաննան գիտե իր հոգու խորքում: Հնարավոր է, որ իր զավակները, ապագայում լավ բժիշկ կամ շինարար դառնան, բայց ոչ՝ դերասան...Սա՝ մեկ.... Երկրորդ՝ Դիաննա Գրիգորյանը պետք է ամաչեր, որ համարձակվել է պատասխանել Լևոն Մութաֆյանի դաստիարակչական քննադատությանը: Սովորաբար, քննադատության դաշտում պետք է լինեն հավասար մակարդակի մարդիկ, որ քննադատության արդյունքում շահի արվեստը, շահի ճշմարտությունը: Ոչ թե մանր ձևով վիրավորվել և «հակահարված»տալ արժանիքներով հազարապատիկ բարձր անհատականությանը: Լ. Մութաֆյանի  «անձի կարևորությունը»  հիմա չէ, որ հաստատված է: Երանի Հայաստանում շատերը լինեին իր պես այդքան խորագիտակ, համարձակ ու օբյեկտիվորեն դիպուկ...Քննադատությունն էլ ընդունելու համար կամային հատկանիշներ են պետք: Ո՞վ չգիտե, որ աշխարհի բոլոր սերիալները, բնականաբար նաև՝ հայաստանյան, մարդկանց տանում են զոմբավորման...

Մեջբերում.«Վերստին նշում եմ, որ ճշմարիտ քննադատների ու առողջ, տեղին քննադատության դեմ (նախ՝ ոչ թե դեմ, այլ առջև) խոնարհվում եմ»: Արդեն ամեն ինչից երևաց, որ սրանք լոկ խոսքեր են, սեփական անկարողությունը քաղարկելու և արդարացում գտնելու համար: Քննադատությունը մեկը չէր, բայց ոչ մեկն էլ չի ընդունվել: Միթե՞ այդքան քննադատությունների մեջ չկար մեկը, որը ընդունելի լիներ: մեջբերման շարունակությունը. «Իսկ բարձր արվեստի մեջ իրեն տեսնող Լևոն Մութաֆյանը, ինձ չնչին անձ համարելով, չպետք է իր արվեստով լեցուն օրը լցներ ինձ քննադատելով»... Բարձր արվեստի մեջ Լ. Մութաֆյանը չէ, որ իրեն տեսնում է: Իրեն տեսնում է արվեստասեր հասարակությունը: Իսկ օրը լցնում է, ոչ թե լոկ  Դ. Գրիգորյանի անձը քննադատելով, այլ սրտացավորեն պայքարում է բոլոր հոգևոր արժեքների պահպանման համար, պայքարում է նրանց դեմ, ովքեր աղբով են լցնում մեր շուրջը: Նրա պայքարը անձերի հետ չէ, այլ գորշ երևույթների հետ, որոնք ստեղծում են անձերը: Սերիալների դերասաններից շատերն, անգամ հայերեն խոսել չգիտեն. շեշտում եմ. ոչ թե գրական չեն խոսում, այլ՝ հայերեն... Գումար աշխատելը ամոթ չէ: Մարդն ապրում է երկրային կյանքում և բնականաբար, առանց նյութի ապրել չի կարող: Բայց նյութն էլ պետք է ստեղծել արժանապատվորեն, որ "հալալ նստի»... Չեմ կարծում, որ մաքուր, գեղեցիկ հայերենով խոսող Դիանան, սցենարները գրում է այն խոսակցականով, ինչպես սերիալներում է:

Միթե՞ հնարավոր չէ, որ ինքը Դիանան, սցենարը գրելուց հետո, նաև հետևի, թե ինչպես են ընթանում նկարահանումները: Ես ավելի քան վստահ եմ, որ ինքը կնկատի ճչացող թերությունները և «երեխուսը»  կդառնա գոնե՝ «երեխայիս», որ օտարամուտ «մերսի»-ն կդառնա արքայական «շնորհակալություն», որ «կոֆեն» կդառնա՝  «սուրճ»: Սրանք ամենատարրական նկատողություններ են: Չէ՞ որ, այդ չարաբաստիկ սերիալները նայում են նաև դպրոցականները: Դեռ անտեսելով դրսի, պատահական մարդկանց սերիալում ընդգրկելու երևույթը, որոնք անգամ առաջին դասարանի աշակերտի պես չեն կարողանում, երկու տող անգիր անել և անկաշկանդ արտաբերել...

Թերություներ կան, որոնք ջանք չեն պահանջում շտկելու համար: Կյանքի և աշխատանքի լարվածությունից հոգնած հեռուստադիտողները զգում են թեթև ֆիլմեր դիտելու պահանջ: Բայց դա չի նշանակում, որ նրանց չի կարելի մատուցել ավելի մակարդակով և առավել ևս՝ սուր կրիմինալից զուրկ ֆիլմեր: Գերզգայուն, վատը ընկալող հոգիներին, մատուցվում են հանցագործության տարբերակներ, որ անգամ շատերի մտքով չի անցնում: Հարցը նրանում չէ, որ ֆիլմի հանցագործների վերջը բարի չի լինում և իբր թե դա ունի դաստիարակչական նպատակ՝ նմանը չդառնալու համար: Միայն բացասականը ընկալող հոգին սևեռվում է ձևերի, միջոցների վրա, ոչ թե վախենում հետևանքներից: Առանց այն էլ, մեր ազգի ադրենալինի քանակը գերակատարվել է. հիմա պետք է սկսել հակառակ գործընթաց: Հասկանալի է, որ առանց կրիմինալի կպակասի հետաքրքրությունը, բայց դա կարելի է ավելի ճկուն ձևով կատարել, որ միտքը հասկացվի, բայց ձևերը չերևան... Բացի այդ էլ, այդ չարաբաստիկ ֆիլմերում կրիմինալ կա, որն անհնարին է հայկական իրականության մեջ: Այդ ի~նչ սոսկալի երևակայություն պետք է ունենա սցենար գրողը, առավել ևս, եթե նա կին է... Ակնկալում ենք, որ մեր սցենարիստները կսկսեն հետաքրքիր գործեր ստեղծել և պահպանել նաև անկողմնակալությունն ու անաչառությունը... Ստեղծագործական, ոգևորիչ մուսսաներ եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր գրիչ կվերցնեն և առանց արհամարհելու հեռուստադիտողի ճաշակը՝ ուշադրության արժանի գործ կներկայացնեն...

 

Asekose.am-ի ընթերցող

Գայանե Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին