▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ թող բոլորն իմանան, որ մենք հենց այսպիսի հերոսներով ենք ներկայանում աշխարհին. Սերժ Սարգսյան

Նախագահի նստավայրում  տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը: 

Սերժ Սարգսյանի խոսքը Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման արարողության ժամանակ

 

Հարգարժա՛ն մաեստրո Չեքիջյան,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք մեծարում ենք Հովհաննես Չեքիջյանին, ով արժանացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման և ում այսօր պատիվ ունեմ հանձնելու Հայրենիքի շքանշանը: Սա բարեբախտություն է ինձ համար և վստահ եմ՝ բոլորի համար, քանի որ մեզ վիճակվել է լինել Հովհաննես Չեքիջյանի ժամանակակիցը:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանն արդեն խոսեց մեր հերոսի անցած ճանապարհի մասին, մեզ դրվագներ պատմեց: Իհարկե, մաեստրո Չեքիջյանի մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար: 

Հեշտ է, քանի որ նա ապրել է բացառիկ հարուստ և արգասաբեր ստեղծագործական կյանք, անցել է մի ուղի, որ արժանի է հիացմունքի և երախտագիտու-թյան: Հեշտ է նրան ներկայացնելը, քանի որ նա ինքն իրեն վաղուց ներկայացրել է թե՛ մեզ, և թե՛ ողջ աշխարհին:

Այդուհանդերձ, դժվար է ներկայացնել մաեստրո Հովհաննես Չեքիջյանին, քանի որ գրեթե անհնար է բացատրել այն հսկայական էներգիան, որ առկա է այս ազնիվ մտավորականի մեջ: Այդ էներգիան, որ շռայլորեն և անսպառ կերպով բաշխում է իր շրջապատին, բխում է նրանից արդեն տասնամյակներ շարունակ: Այդ էներգիան բխում է՝ իր շուրջը տարածելով բարին ու գեղեցիկը, մարդկայինն ու հավերժականը, այն լավագույնը, որ ազգային է և միաժամանակ համամարդկային:

Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանի ժողովրդի մի զգալի մասը հայրենադարձներ են կամ նրանց սերունդներ: Սա շատ ընդգրկուն թեմա է, և հիմա, թերևս, դրա շուրջ չեմ ծավալվի: Միայն նշեմ, որ հայրենադարձները շատ բան են բերել Հայաստան` սկսած մեր առօրյայից ու կենցաղից: 

Նրանց շարքում եղել են բացառիկ մտավորականներ, որոնք իրենք իրենցով մարմնավորել են մի ողջ դարաշրջան հայ իրականության մեջ: Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Գոհար Գասպարյանի, Հակոբ Հակոբյանի և նրանց նման շատերի վերադարձն օրինակ է, թե ինչպե՛ս պետք է վերադառնալ հայրենիք՝ պատրաստված, հավակնոտ ծրագրերով, Հայաստանի վաղվա օրվա հանդեպ մեծ հավատով և, ամենակարևորը` ընդմիշտ: Հովհաննես Չեքիջյանի պարագան այդ բացառիկ օրինակներից է:

Ցանկացած մեծ արվեստագետի ուղին հարթ ու հանգիստ չէ և չի էլ կարող այդպիսին լինել: Մենք գիտենք, որ նույնիսկ փոքր հաջողության թիկունքում տարիների քրտնաջան աշխատանք է թաքնված, ստեղծագործական տառապալից, բայց և բարեբեր ուղի: Առավել ևս դա վերաբերում է մեծ հաջողություններ արձանագրած անհատներին: 

Հայ երգչախմբային արվեստի շռնդալից հաղթանակները աշխարհի ամենահեղինակավոր բեմերում խոսում են Հովհաննես Չեքիջյան արվեստագետի բացառիկ խստապահանջության և բարձր չափանիշների մասին: Խոսում են նրա կատարած տիտանական աշխատանքի մասին: Մաեստրո՛, մենք խոնարհվում ենք Ձեր մեծ վաստակի և ստեղծագործական սխրանքի առջև: 

Սիրելի՛ պարոն Չեքիջյան,

Դուք Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարում եք 1961 թվականից: Այսօրվա Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասն այն ժամանակ դեռ չէր էլ ծնվել: Սակայն ի պատիվ Ձեզ և շնորհիվ Ձեր կատարած հսկայական աշխատանքի՝ Ձեզ գիտեն բոլորը: Եվ թող բոլորն իմանան, որ մենք հենց այսպիսի հերոսներով ենք ներկայանում աշխարհին:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հայրենիքի բարձրագույն կոչմանն արժանանալու կապակցությամբ: Մեր ողջ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Մաղթում եմ, որ Ձեր կյանքի տասներորդ տասնամյակը լինի ոչ պակաս հագեցած ու արդյունավետ, քան նախորդներն են եղել: 

Մենք տեսնում ենք Ձեր մեջ այդ ուժը, այդ էներգիան և, որ շատ կարևոր է, սիրահարվածությունը կյանքին: Սա կարևոր հանգամանք է: Ապրե՛ք և արարե՛ք ի փառս հայ արվեստի:

Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության հերոսները:

 

***

 

Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը երախտագիտություն է հայտնել իրեն նման բարձր պարգևի արժանացնելու համար և ընդգծել, որ այն կկրի սիրով, հպարտությամբ և մեծ պատասխանատվությամբ:

«Սիրտս լցված է ուրախությամբ: Անբացատրելի բան է սա: Թեև կյանքում ունեցել եմ պարգևներ՝ և՛ Կրեմլում, և՛ Փարիզում, և՛ այլուր, բայց ոչ մի անգամ իմ ստացած պարգևներից ոչ մեկն այսքան բարձր, այսինքն՝ երկրի ամենաբարձր պարգևը չի եղել: Առաջին անգամ է, որ երկրի ամենաբարձր պարգևին արժանանում եմ շնորհիվ մեր սիրելի Նախագահի, ով ինձ պարգևեց այս անակնկալը: Անակնկալ եղավ ինձ համար, երբ դեկտեմբերի 30-ին մենք ճանապարհում էինք 2017 թվականը, Նախագահն ինքը հնչեցրեց, որ ստորագրել է հրաման: Չհասկացա ինչ կատարվեց ինձ հետ՝ սիրտս պայթեց, թե՞ չպայթեց, չտեսնված մի ուրախություն եղավ: 

Այո՛, երկար ու ձիգ տարիներ՝ մի քանի տասնյակ տարի այս խմբի հետ աշխատել եմ, իզուր չի եղել իմ աշխատանքը: Աշխարհի շատ կենտրոններում մենք խոշոր հաջողություններ ենք ունեցել, բայց ոչ մի անգամ իմ մտքով չէր անցնի, որ մի օր այսպիսի բարձր պարգևի կարժանանամ: Տարիքս բավականին առաջացած է, բայց ինչպես տեսնում եք, կարծես, այնքան էլ ծեր չեմ: Թեև զառամյալ ծերունու տարիք ունեմ, բայց ինքս այդպիսին չեմ: 

Երկար չխոսեմ: Սիրտս լցված է, ինչպես ասացի: Քիչ մարդիկ կան ինձ նման՝ աշխարհի 17-րդ հայը լինելը բավականին ծանր բան է, չիմանաք, թե հեշտ է: Այդ ծանրությունը ես պետք է կրեմ և՛ սիրով, և՛ հպարտությամբ, և՛ մեծ պատասխանատվությամբ: Սա ինձ պարտավորեցնում է: Շնորհակալ եմ անչափ»,- ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին