▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպան նոր առաջարկ կանի

Մեկնարկել է Եվրամիության ընդլայման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը Հայաստան: Նա, բացի պաշտոնական հանդիպումներից, մասնակցելու է Երևանում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Հայաստանի մտադրությունը՝ անդամակցել Մաքսային միությանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններում հասկանալիորեն մի շարք խնդիրներ է առաջ բերել և պատահական չէ, որ սեպտեմբերի 3-ին հնչած հայտնի հայտարարությունից հետո, տարբեր պաշտոնյաների մակարդակով ռեկորդային հանդիպումներ և քննարկումներ եղան:

ԵՄ-ն տարածաշրջանում սեփական հետաքրքրություններն ունի և ստեղծված իրավիճակում ոչ միայն Հայաստանի, այլև Եվրամիության շահերից է բխում նոր ուղիներ փնտրել՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները:
Այս պահին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման երկու հիմնական ճանապարհ է ուրվագծվել: Առաջին, նախօրեին Շ. Ֆյուլեն հայտարարեց, որ ԵՄ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտում մասին համաձայնագիրը կնախաստորագրվի այն դեպքում, եթե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցի դիտորդի կարգավիճակով: Ստեղծված իրավիճակում ԵՄ-ն փորձում է առավելագույն հստակություն մտցնել՝ ակնկալելով նաև Հայաստանի հստակ պատասխանը:
Երկրորդ, Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը, սակայն հաշվի առնելով ՀՀ-ԵՄ երկկողմ հետաքրքրությունները, վերջին 3-4 տարիների ընթացքում բանակցությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա, մշակվում է հարաբերությունների զարգացման ու համագործակցության խորացման նոր փաստաթուղթ: Իսկ դա նշանակում է, որ Եվրոպան Հայաստանին համգործակցության նոր առաջարկ կանի (սա թերևս առավել հավանական տարբերակն է):

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մտադրություն ունի անդամակցել Մաքսային միությանը, սակայն ակնհայտ է, որ առջևում բանակցությունների բավականին բարդ փուլ է սպասվում, քանի որ կան մի շարք հարցեր, որոնց լուծումը ամենահեշտերից չէ: ԵՄ-ում ևս հասկանում են այս հանգամանքը և ազդանշան տալիս առ այն, որ եթե Հայաստանն ինչ-որ փուլում, ելնելով ՀՀ-ՄՄ բանակցություններից որոշում կայացնի հետ կանգնել մտադրությունից կամ ՄՄ-ին անդամակցել դիտորդի կարգավիճակով, ապա այդ դեպքում` հնարավորություն կստանա նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը:

Այս պահին դժվար է ասել, թե զարգացումներն ինչ ուղով կընթանան, սակայն ակնհայտ է, որ կողմերը կփորձեն առաջիկայում (ավելի հավանական է Վիլնյուսում) ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ինչը նվազագույնը ֆորմալ առումով, կֆիքսի վերջին տարիներին կողմերի ձեռքբերումները ու համագործակցության նոր ուղենիշները:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին