Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Պերճանքի իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն, ըստ Forbes-ի, դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը:
Այս տարի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր, հայտնում է Business24-ը։ Չնայած այն փաստին, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում՝ գերության մեջ, նա պահպանել է իր դիրքը, և հանդիսանում է ցուցակի միակ ներկայացուցիչը Հայաստանից։
Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.3 մլրդ դոլար, 2023թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 991-րդ հորիզոնականը։
Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,104-րդ հորիզոնականում է, 2023թ. համեմատ նրա կարողությունն աճել է 1.1 մլրդ դոլարով և կազմել 3.0 մլրդ դոլար։
Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2023թ․-ի ցուցակի 1,143-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար: 2023թ. համեմատ արձանագրվել է աճ 0.2 մլրդ դոլարով։
Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.9 մլրդ դոլար, նա ցուցակի 1,143-րդ հորիզոնականում է։ 2023թ.-ի համեմատ այն աճել է 0.7 մլրդ դոլարով։
Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.1 մլրդ դոլար է, 2023թ. Համեմատ արձանագրվել է աճ 0.1 մլրդ դոլարով։ Նա ցուցակի 1,545-րդ հորիզոնականում է։
Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է 0.5 մլրդ դոլարով և կազմել 1.7 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1,851-րդ հորիզոնականում է։
Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 1.6 մլրդ դոլար՝ 1,945-րդ հորիզոնական։ 2023թ. համեմատ արձանագրվել է անկում 0.5 մլրդ դոլարով։
Նուբար Աֆեյանի կարողությունը 1.4 մլրդ դոլար է, նա ցուցակի 2,152-րդ հորիզոնականում է։ 2023թ. համեմատ Աֆեյանի կարողությունը նվազել է 0.4 մլրդ դոլարով։
Ռուբեն Վարդանյանի (և ընտանիքի) կարողությունը նվազել է 0.1 մլրդ դոլարով և կազմել 1.1 մլրդ դոլար, նա ցուցակի 2,545-րդ հորիզոնականում է։
Ամենաերիտասարդ հայ միլիարդատերը Քիմ Քարդաշյանն է, որը 43 տարեկան է, ամենատարեցը՝ Էդուարդո Էռնեկյանը՝ 91 տարեկան։