▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ է ընտրվել հայազգի 27-ամյա Լևոն Սաքունցը

Մարտի 23-ին Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել: Ֆրանսիական Վիեն քաղաքի փոխքաղաքապետ է ընտրվել մեր հայրենակից 27-ամյա Լևոն Սաքունցը:

Լևոնը Ծնվել է 1986 թվականին՝ Երևանում: Ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ 13  տարեկան է եղել:

Պապը,  ով ծնվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքում, 1947 թվականին  ընտանիքի հետ միասին, ինչպես և շատ ֆրանսահայ ընտանիքներ,  տեղափոխվել է Հայաստան: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ 13 տարեկանում:   

Հետագայում ընտանիքիը տեղափոխվել է Ֆրանսիա՝  պապի ծննդավայր Վիեն քաղաք:

«Սկզբնական շրջանում դժվարություններ կային՝ հատկապես կրթություն ստանալու առումով, սակայն կարողացա հաղթահարել դժվարություններն ու բարձրագույն կրթություն ստանալ IT բնագավառում»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լևոն Սաքունցը:

Քաղաքականության մեջ առաջին քայլերը 2007 թվականին  էին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր՝ Լևոն Սաքունցը աջակողմյան «Ժողովրդական շարժում միություն»(UMP) կուսակցության  ակտիվ անդամ է,  որի կազմում է նաև ճանաչված քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը: 2012 թվականից նաև կուսակցության խորհրդի անդամ է: Քաղաքական կյանքին զուգահեռ ակտիվ մասնակացություն ունի համայնքային կյանքին: Նաև Հայաստան հիմնադրամի խորհրդի անդամ է և ակտիվորեն մասնակցում է հեռուստափառատոնի կազմակերպչական աշխատանքներին:

Նշենք, որ Ֆրանսիական Վիեն և Հայաստանի Գորիս քաղաքները ունեն համագործակցության երկար պատմություն: 22 տարի առաջ հռչակվել են քույր քաղաքներ:  

Ինչ վերաբերում է  համագործակցությանը, Լևոն Սաքունցը մեզ հետ զրույցում  նշեց, որ անձամբ չի զբաղվելու արտաքին կապերով, սակայն, անշուշտ,  փորձելու է նպաստել դրան:

Դեռ1989 թ. Ֆրանսիայի Վիեն քաղաքի հայ մշակույթի տանը կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Վիենի քաղաքապետ Լուի Մերմազը ցանկություն էր  հայտնել համագործակցելու Հայաստանի որևէ քաղաքի հետ:

Ֆրանսիայի «Կապույտ խաչի» անդամներն այդ ժամանակ Հայաստանում էին, և, օգտվելով առիթից, քաղաքապետը նրանց խնդրել էր  Հայաստանում գտնել Վիենին համապատասխան մի քաղաք: Որպես համագործակից քաղաք ընտրվել է  Գորիսը:

Համագործակցության շրջանակներում առաջնային են համարվել  մշակույթի և սպորտի, առողջապահության, տուրիզմի, բնապահպանության, փրկարար ծառայության ոլորտները: Գորիսում բացվել են  զբոսաշրջության գրասենյակը և ֆրանսախոսության մշակութային կենտրոնը: Գորիսի «քույր» քաղաքի համագործակցության շնորհիվ զգալիորեն բարելավվել է համայնքի առողջապահության համակարգը: Իսկ Գորիսի բժշկական կենտրոնը բարեկամացել է Վիենի կենտրոնական հիվանդանոցի հետ: 
Մեծ աջակցություն է ցուցաբերվել Գորիսի առողջապահության համակարգին և հրշեջ փրկարարական ծառայությանը:

Հավելենք, որ այս տարվա փետրվարին Վիենի և LՂՀ  Հադրութ քաղաքների միջեւ ստորագրվել է Բարեկամության հռչակագիր, որը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերը եւ խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին