Asekose.am-ի տեղեկություններով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
Այս մասին տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց քրեակատարողական հիմնարկների հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը, ով տեղեկացրեց, որ Հակոբ Հակոբյանը բողոքել է որովայնի շրջանի ցավերից.
«Այդ պատճառով նա տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, ենթարկվել է լաբորատոր գործիքային մի շարք հետազոտությունների և պարզվել է, որ նրա մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիա չկա: Այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ, բայց չունի ստացիոնար բուժման կարիք և ամենայն հավանականությամբ նորից կտեղափոխվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, երբ որ բժիշկները հարմար կգտնեն»,-ասաց Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը կալանավորվել էր փետրվարի 4-ին` ՀՀ ՖՆ Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով: Նա կասկածվում է քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, մասնավորապես` ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու և հարկերից խուսափելը կազմակերպելու համար և դրա արդյունքում պետությանը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով:
Հեղինակ՝ Անի Միրաքյան