«Մինչև քրեական գործի հարուցվելը, ամիսներ շարունակ վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից: Բոլորդ գիտեք ավտոմեքենայի վերաբերյալ խոսակցությունը, տարատեսակ սուտ ինֆորմացիաներ էին շրջանառվում: Ամեն անգամ ես վարչապետին ներկայացրել եմ, որ սուտ են այդ ինֆորմացիաները: ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից լայնածավալ, մեծառեսուրս գործողությունների արդյունքում իրենք պարզեցին, որ նման բան չկա, այսինքն՝ իրենք խոսեցին, իրենք հերքեցին այդ մասին լուրերը»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են:
«Եթե հիշում եք, ինչ-որ տեսանյութեր կային, որտեղ ես կաշառք էի վերցնում: Եթե նման տեսանյութ լիներ, այլ քրեական հոդվածով գործ կհարուցվեր, ես էլ այստեղ նստած չէի լինի, իսկ իմ փաստաբանները միգուցե մի քիչ կմեղմացնեին իրավիճակը»,- շարունակեց Սանասարյանը՝ շեշտելով.
«Ես ճեպազրույցներում մի հստակ բան ասացի, որ հիմա փորձ է արվում վարչապետի և իմ միջև սեպ խրել: Ես ինքս չգնացի այդ ճանապարհով, չտրվեցի զգացմունքներին. ես ավելի քան 11 տարի կռիվ եմ տալիս հանցավոր իշխանության գործունեության և կոռուպցիայի դեմ և հանցավոր իշխանության զինվորները, Սերժ Սարգսյանից սկսած, այսօր ազատության մեջ թրև են գալիս: Մարդ, որ իր ողջ գիտակցական կյանքում կռիվ է տվել հանցավորության դեմ, այսօր այդ մարդու վերաբերյալ գործը հանցակցությամբ հաստատվեց և ուղարկվեց դատարան: Մյուս կողմից էլ՝ ես ուրախացա, որովհետև ասել էի, որ կոծկեցին կոռուպցիոների գործը, հիմա արդեն բաց դատական պրոցես կլինի: Մենք այսօր, վաղը, մյուս օրը բոլոր հնարավոր առիթներով կներկայացնենք, թե ինչ գործի մասին է խոսքն առահասարակ: Ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեում քննվող դիալեզի մասին գործը նույնպես կհստակեցվի և պարզ կլինի ու բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում վերահսկողական ծառայությունն իր ղեկավարի հետ միասին, և ուր տարան այդ գործը, որ ընդհանրապես կապ չուներ բուն թեմայի հետ»,- նշեց Դավիթ Սանասարյանը:
Տեսանյութը՝ Մեդիա Կենտրոնի