ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր Ազգային ժողովում աշխատանքային հանդիպում ունեցանք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) Ազգային ժողովի 7-րդ գումարման պատվիրակության կազմով:
Ինչպես գիտեք, ընդամենը 1 օր հետո մեկնելու ենք Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք կազմակերպչական մի շարք հարցեր, որոշեցինք պատգամավորների մասնակցությունը տարբեր հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև հստակեցրինք տարատեսակ զեկույցներիշուրջ մեր պատվիրակության դիրքորոշումը:
Համոզված եմ, որ մեր անկաշկանդ ու նպատակային գործունեության արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա, քանի որ պատրաստվում ենք գործի դնել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը՝ Հայաստանի Հանրապետության շահերն առաջ տանելու համար:
Հավելեմ նաև, որ քիչ առաջ հանդիպել եմ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Խոսել ենք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում նախորդ գումարման հայկական պատվիրակության իրականացրած աշխատանքներից, միջազգային այս հարթակում նախկինում եղած և առաջիկայում մեզ սպասվելիք մարտահրավերներից, մի շարք այլ հարցերից:
Հիշեցնեմ, որ վերջին մեկ և կես տարում հենց Արմեն Աշոտյանն էր գլխավորում Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը»:
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍՏ-ի վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը։ անրադարձել է իր հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը:
Աշոտյանի գրառումը ստորև.
«Ի պատասխան լրագրողների հարցերին և հաշվի առնելով առաջացած աժիոտաժը՝ հայտնում եմ.
1. Այսօր իրոք հանդիպել եմ ԵՎՐԱՆԵՍՏ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ։
2. Հասկանում եմ ոմանց տարակուսանքը ու ցավով նշում, որ նախկինների և ներկաների միջև նման աշխատանքային շփումները դեռ բացառություն են, թեպետ՝ կենսական անհրաժեշտություն երկրի շահերի տեսակետից։
3. Ողջունում եմ իր նախաձեռնությունը և շեշտում, որ ինքս նույնպես ճիշտ եմ վարվել։
4. Մանրամասն պատմել եմ աշխատանքի, նվաճումների, խնդիրների և կառույցի ներքին խոհանոցի մասին։
5. Պետություն ներկայացնելը պատիվ է, պետության շահեր պաշտպանելը՝ ծառայություն, պետություն սիրելը՝ աշխարհայացք։
6. Հաջողություն եմ մաղթում Ազգային Ժողովի նոր պատվիրակությանը, ապագայում ևս պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում աջակցել երկու հայկական պետությունների շահերի պաշտպանությանը արտերկրում, ինչպես նաև շարունակելու եմ հետևել և հարկ եղած դեպքում՝ քննադատել իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը»։