Մի քանի հարցեր, որոնց մասին լավ է, որ մարդ երբեմն մտածի, իսկ օրինակ ինձ նման անթիվ ու անհամար «սխալներ» կատարողների համար, կարող է նաև օգտակար լինել:
1. Մարդն անպարտելի ու անմահ է, և մինչև իր վերջին ատոմը Աստվածային Ուժի, Իմաստության և Բերկրանքի միասնությունից է հունցված ու արարված:
2. Ճիշտ են ասում, որ Տիեզերքում երկու հակադիր ուժերի միասնություն է գործում: Այդ ուժերը կարող են տարբեր կերպ անվանվել. Բարի և Չար, Ին և Յան, դրական և բացասական, մարդու առաջընթացին /էվոլյուցիա/ նպաստող և խանգարող, դեպի մարդկային Ես-ը ուղղված և հակառակը' դեպի դուրս ուղղված ուժեր… Բայց այդ երկու հակադիր ուժերն էլ ի վերջո նպատակաուղղված են Տիեզերքում առաջընթաց ապահովելուն: Անգամ մարդուն տանջող սատանան ջանք ու եռանդ չի խնայում մարդուն ինչ-որ Բան հասկացնելու համար:
3. Մարդը Երկիր մոլորակի վրա ապրելով, կարող է իր կամքով ընտրություն կատարել, կամ առաջընթաց ապրելով դուրս գալ դեպի ավելի Լուսավոր ոլորտներ, կամ Լույսից շրջվելով գնալ դեպի խավար և հազարավոր տարիներով իրեն տառապանքի մատնել: /Թեև հազարավոր տարիներն էլ Տիեզերքում ակնթարթ են, բայց այդ ամենն իր վրա զգացողի ու ապրողի համար, հաստատ ակնթարթ չի թվալու/:
4. Առանց տվյալ մարդու կամքի, նրա հետ ոչինչ չի կատարվում: Ամեն մարդ համամարդկային պատմության մեջ իր էջն է լրացնում' իր իսկ կամքով ու ընտրությամբ: Մեզանից ամեն մեկի ապրած ու չապրած կյանքի փորձը բոլորինս է…
Արամայիս Գարեգինյանի գրառումը
Ֆեյսբուք