▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցեր, որոնց պարտավոր է պատասխանել Ռոբերտ Նազարյանը

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան, ՀԱՅԱՑՔ թերթ

«ՀայՌուսգազարդ»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ-ների) աշխատակիցները բնական գազի սակագների փոփոխության առնչությամբ հուլիսի 7-ին շրջել են որոշ շենքերում և բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրություններ կազմել: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ անհրաժեշտ գործողությունը շատուշատ բաժանորդների հետ չի կատարվել:

Ինչպես արդեն հայտնի է, բնակիչ-բաժանորդներին և ամսական մինչև 10 հազար խմ գազ սպառողներին վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանվել է 156 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)` մինչ այդ գործող 132 դրամի փոխարեն: «ՀայՌուսգազարդ»-ի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկի ստուգման արձանագրություն կազմելու նպատակը բնական գազի նոր սակագնով առաջացող ֆինանսական պարտավորությունները նախորդից տարանջատելն է: Մասնավորապես` փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրություններով ամրագրվելու են բաժանորդների կողմից 2013թ. հուլիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ժամանակահատվածում սպառված բնական գազի ծավալներն ըստ նրանց հաշվիչների ցուցմունքների:

«ՀայՌուսգազարդ»-ը խնդրել էր բոլոր բաժանորդներին աջակցել փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրությունների կազմման գործընթացին, և հետագա տարաձայնություններից խուսափելու նպատակով, պարտադիր ներկա լինել հաշվիչի ցուցմունքի գրանցմանը:

Պաշտոնապես ամեն ինչ նորմալ է, սակայն, ինչպես արդեն նշեցինք, իրականությունն այլ է: Բազմաթիվ բնակիչ-բաժանորդներ, որոնք հուլիսի 7-ին հաստատապես եղել են իրենց բնակարաններում (անհրաժեշտության դեպքում կարող ենք բազմաթիվ հասցեներ վկայակոչել), ԳԳՄ-ների աշխատակիցներին չեն տեսել, «ՀայՌուսգազարդ»-ի որևէ աշխատակցի կողմից նրանց փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրություն չի ներկայացվել:

Այս դեպքում անհասկանալի է դառնում «ՀայՌուսգազարդ»-ի հիշյալ խնդրանքը: Եվ ամենակարևորը` երբ փոխադարձ հաշվարկների ստուգման արձանագրություն չի կազմվում, ԳԳՄ-ների աշխատակիցները շատ հանգիստ հնարավորություն են ստանում բաժանորդներից հօգուտ ընկերության գրպանել տասնյակ միլիոնավոր դրամներ:

Հուլիսի 7-ից 8 դրամով բարձրացել է նաև բնակիչ-բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի ԿՎտԺ-ի սակագինը: Սակայն եթե «ՀայՌուսգազարդ»-ի ԳԳՄ-ների աշխատակիցները գոնե մասամբ իրենց պարտականությունները կատարել են, ապա նույնիսկ Երևանի բնակիչ-բաժանորդներից չունենք որևէ տեղեկություն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներն այցելել են նրանց բնակարաններ և կազմել փոխադարձ հաշվարկների արձանագրություն:

Ինչպես տեղեկացանք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Սարջանյանից, ընկերությունը բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների արձանագրություններ չի կազմել, ՀԷՑ-ի աշխատակիցները հուլիսի 7-ի առավոտյան պարզապես գույքագրում, այսինքն` բաժանորդների հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցում են կատարել, ինչի արդյունքում օգոստոսին բաժանորդներին ներկայացվելիք վճարման անդորագրերում մինչև հուլիսի 7-ը սպառված և հուլիսի 7-ից հետո սպառված էլեկտրաէներգիայի ցուցմունքները և դրանց դիմաց վճարվելիք գումարներն իրարից տարբերակված են ներկայացվելու: Ընկերության արածը մոտավորապես նույնն է, ինչ խանութի այն վաճառողինը, որը սննդամթերքը սպառողի աչքից հեռու դրված կշեռքով կշռելուց (կամ չկշռելուց) հետո ասում է, որ քաշը, ասենք, 2կգ 760 գրամ է և դրա դիմաց պետք է վճարել, օրինակ, 5640 դրամ: Սպառողներից քանի՞սը կհամաձայնեն այդպիսի պայմաններով ապրանք գնել...

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեխնիկական մոնիթորինգի և փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Հայրապետյանի, հանձնաժողովից ՀԷՑ-ի ղեկավարին ուղղված գրությամբ հենց այդ խնդիրն է առաջադրվել, գրության մեջ որևէ խոսք չկա սպառողների հետ փոխադարձ հաշվարկների արձանագրություններ կազմելու մասին: Թե ինչու է ՀԾԿ հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը սպառողներից հօգուտ ընկերության հսկայական գումարներ գրպանելու հնարավորություն տվել, պարտավոր է պատասխանել նշված հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին