▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավերժ պատանդի կարգավիճակը մեզ բնաջանջում է սպառնում

Եթե Ռուսաստանը մարտնչող կողմերին պահելով անվերջանալի պատերազմի սպառնալիքի տակ, կարողանում է երկկողմանի զինամթերքի մատակարարմամբ ուղղորդել, վերահսկել, ցանկացած պահի լարվածություն ստեղծել, կրակը թեժացնել, ապա այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մենք գոյատևել և անկախ պետականություն կերտել: Նախորդ դարից սկսված այս «կոնֆլիկտը» շագրենյան կաշվի պես մաշում է Հայաստանը, հրեշի նման խժռում մեր ձագերին: Սահմանային «բախումների» հետևանքով զինվորների կորուստը դարձել է «սովորական պատահար», հաճախ այդ մասին անգամ չի էլ ասվում: Այսպես կոչված «զինադադարից» ի վեր, մեր զոհերի թիվը աստիճանաբար մոտենում է ողջ պատերազմի ընթացքում տված զոհերի քանակին: 

Երևանում տերերը կեղծ քաղաքականություն, կեղծ իշխանություն, կեղծ ընդդիմություն, կեղծ պայքար թատերախաղով զբաղեցնում են ժողովրդին, միաժամանակ հավերժական պատերազմի «հումք» մատակարարելով պարզ, հասարակ ժողովրդի զավակներին: Ամենապարզ տրամաբանությամբ և ամենապարզ թվաբանությամբ կարելի է տեսնել, որ այսպես Հայաստանը երկար չի ձգի, կվերջանա կգնա: Դարարավոր ու անվերջ  այս «պատերազմը» ավելի երկար է իր տևողությամբ, քան բոլոր համաշխարհային պատերամները միասին վերցրած: Ուրեմն, նաև դժվար չէ կռահել այն սանձազերծողների ու կառավարողների նպատակը: Ինչպե՞ս կարող է հավերժ պատերազմական սպառնալիքի տակ պատանդ պահվող ժողովուրդն իր երկրում այլ հարցեր բարձրացնել և լուծումներ գտնել, երբ ամեն րոպե «դիրիժորները» պատրաստ են վախեցնել նրան «չմարող հրաբխով»: 

Վիճակն ավելի ողբերգական է դառնում, երբ տեսնում ես, որ պարզագույն հաշվարկների և տրամաբանության փոխարեն, շատերը հպարտանում, ազգային արժանապատվության զգացումով են լցվում «մեր պատերազմի» նվաճումներով: Լա՜վ հասկացանք, մեր վզին այն փաթատեցին, մեր հերոս զավակները կռվեցին, արյուն թափեցին ու հաղթեցին, բայց մինչև ե՞րբ կարող է մի բուռ մնացած ժողովրդի արյունը հոսել: Մինչև ե՞րբ կարողղ է ավարտված պատերազմը՝ անավարտ մնալ: Մի գուցե «կոնֆլիկտի» լուծումը և բանալին բոլորովին այլ տ՞եղ է...

Արմեն Զատիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին