1915 թվին թուրքերը կոտորեցին ողջ թուրքահայությունը։ Դա մի ողբերգություն էր, որ վշտացրեց աշխարհի բոլոր ազգերին` բացի ողջ մնացած… հայերից։
Դուք գիտեք, որ հայ ազգ գոյություն չունի, կան երեք կուսակցություններ` դաշնակներ, ռամկավարներ և բոլշևիկներ։
Բոլշևիկները ուրախ են տեղի ունեցած կոտորածի համար, որովհետև կոտորվող հայերի մեջ ոչ մի բոլշևիկ չկար, իսկ մնացյալ կուսակցություններին եթե թուրքը չկոտորեր, իրենք պիտի կոտորեին։ Նրանք կոտորեցին իրենց իշխանության տակ ապրող բոլոր դաշնակներին։ Ռամկավարներին ողջ թողին նրա համար, որ պայքարեն դաշնակների դեմ և իրենք թամաշա անեն։ Այնուհետև դաշնակները ցավեցին միայն կոտորվող դաշնակների համար, ռամկավարները` ռամկավարների համար։
Ասել է կես ցավակցություն այն ժամանակ, երբ օտար ազգերը ցավակցեցին մեկ ամբողջ ցավակցությամբ։
Շնորհակալ եմ ձեզանից,ո~վ օտար ազգեր։ Դուք միակ հայերն եք, եթե դուք չլինեիք, ի՞նչ կլիներ մեր վիճակը…
Լեռ Կամսար, 1962թ․