Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց՝ ով է Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» մասին խոսույթը։
Նա ցույց տվեց Արտաքին հետախուզության՝ 2026 թվականի հաշվետվությունը, որում նշված է.
«Այստեղ գրված է՝ Ադրբեջանը, վաշինգտոնյան հռչակագրի նախաստորագրումից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը, ինչն զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»։
Կարապետյանը նշեց՝ Արտաքին հետախուզական ծառայությունը Փաշինյանին այդ մասին տեղեկացրել է, սակայն հասարակությանն այդ մասին տեղյակ չի պահվել։
«Հայաստանի ժողովուրդ, իմացեք, Ադրբեջանի ղեկավարն ամեն օր խոսում է, որ ադրբեջանցիներ պետք է գան Հայաստան, իսկ երկրի ղեկավարն այդ մասին ձեզ չի ասում»,- նշեց Կարապետյանը՝ ի պատասխան Փաշինյանի պնդումների, թե Ադրբեջանը 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու պահանջ իրեն չի ներկայացրել։
***
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին՝ եթե ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» չհաջողի, Սամվել Կարապետյանը կհաստատվի՞ Հայաստանում և կգործի՞ որպես տնտեսական ու քաղաքական գործիչ։
«Մեր պայքարը հաղթանակի համար է։ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ և տեղափոխվելու է Հայաստան, հետագա տարիները նա օգտագործելու է, որ մեր երկրին ապահովի բարեկեցություն, ապահովի ելք՝ այս աղքատության ճիրաններից և ազատություն այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց կարծիքն արտահայտել։ Դա է մեր ծրագիրը, այն ճանապարհը, որով գնալու ենք»,- պատասխանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Դիմելով Արամ Սարգսյանին՝ Նարեկ Կարապետյանը հավելեց. «Մի քանի օրից այդ հաղթանակը Դուք էլ կտեսնեք, Դուք էլ կտեսնեք, թե ինչպես է Սամվել Կարապետյանն իր ծրագրերն իրականացնում»։


