Կառավարությունը հաստատել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Վարչապետի դիտարկմամբ, այս խնդիրը բազմիցս քննարկվել է, և ընդունված որոշումը լուրջ քայլ է: Նրա խոսքով՝ կառավարությունը նաև բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել հիպոթեքից և ձեռք բերել բնակարան:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանել է, որ դրամի և ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի 5 տոկոս և ավելի աճելու (հայկական դրամի արժեզրկման) դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը վերանայվելու է, այսինքն՝ հարկերը հաշվարկվելու են ըստ նոր գների: Մեկ այլ որոշման փոփոխությամբ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի, բացառությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի: Գործադիրը որոշել է ՀՀ 2015թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.57 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժել ս.թ. առաջին եռամսյակ (անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով հատկացումների տարեկան գումարը): Այսպիսով, կապահովվի առաջին եռամսյակում ԱԱՀ վերադարձը:
Զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ որոշումը վերաբերում է հիպոթեքային վարկի գծով նախատեսված տոկոսները եկամտային հարկից նվազեցնելու ընթացակարգին: 2014թ. ԱԺ-ն ընդունել էր օրենք, որով թույլատրվեց եկամտային հարկի գծով նվազեցում կատարել հիպոթեքային տոկոսների մասով, ընդ որում` այդ նվազեցումը կատարվելու էր պետության կողմից կատարվող վերադարձի ձևով: Այսինքն` այդ օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը իր վրա է վերցնում հիպոթեքային վարկի գծով տոկոսների ֆինանսավորման բեռը` փաստացի տոկոսադրույքը սահմանելով 0 տոկոս: Դա ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս հիպոթեքի տոկոսը հետ ստանալ պետությունից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է վերը նշված որոշումները՝ շեշտելով, որ դրանք ընդունվել են հանգամանալից քննարկման արդյունքում: «Կառավարությունը բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որ մեր քաղաքացիները կարողանան առանց տոկոսի հիպոթեքից օգտվել և ունենան բնակարաններ: Փաստորեն, այդ հիպոթեքի տոկոսադրույքը պետական բյուջեն վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` հանձնարարելով հրատապ ստորագրել այդ որոշումը: