ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում։

«Փետրվարի 3-ից մինչ օրս վրանների տակ են մնացել երեխաները։ Ուժեղ քամու պատճառով վրանները պոկվել են, նորմալ պայմաններ չկան։ Մեքենաները կանգնեցրել են վրանների մոտ, բայց օգուտ չեն տվել, քամին տարել է, տղաները մնացել են դրսում։ Այդ հատվածում դիրք չկա, պարզապես վրանները խփած են, հերթափոխն այնտեղ են իրականացնում»,-այս մասին հայտնել է ժամկետային զինծառայողի մայր Ջ․Կ․-ն, ում որդին նշված տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկն է։
|
ԱՀ ՊԲ-ն պարզաբանում է․ «Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմն անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում: Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ»: |


