▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն հանցագործություն անելով` մեծամասնություն է դարձել

 «Դա Սերժ Սարգսյանի գործակալական ցանցը կրող հայտարարություն է»:«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսպես էր բնութագրել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ համարելու հայտարարությանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով տիկին Փոստանջյանի արձագանքին՝ ասաց.

-Ամեն օր 25-30 մարդ նման բան կարող է ասել, մենք բոլորին պետք է մեկնաբանենք, հա՞:

Դիտարկմանը, թե տվյալ դեպքում Փոստանջյանը բոլորը չէ,-նկատեց.

-Որքանո՞վ է շնորհակալ գործ՝ մեկնաբանել թեկուզ հայտնի քաղաքական գորչի կարծիքը: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ կոնտեքստից կտրված է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը, ավելին՝ չի արտահայտել կուսակցության տեսակետը: Տեսակետ արտահայտողը վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն է: Ես էլ որպես «Ժառանգության» փոխնախագահ այն կարծիքին եմ, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ: Նրան ընտրել է չընտրված ՀՀԿ-ն. եղել է Սահմանադրության խախտում, որովհետև պետք է ընտրվեր ժողովրդի կողմից:

Ինչ վերաբերում է Փոստանջյանի այն հայտարարությանը, թե դա գործակալական ցանցը կրող հայտարարություն է, ապա համաձայն չեմ: Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գործակալական ցանցի հետ կապ կարող է ունենալ:

Սուսաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ իրենք «Հանուն Հայաստան պետության» ճակատի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ շարունակելու են պայքարել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության.

-Ապրիլի 13-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքը համատեղ ու շարունակական է լինելու: Պայքարելու ենք ՀՀ քաղաքացիների իրավունքների համար, որովհետև Սերժ Սարգսյանի վերարտադրությամբ ոտնահարվում են Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

Դիտարկմանը, թե շատերի կարծիքով օգուտ չեն տալու այս ցույցերը, քանի որ ավելի վաղ պետք է լինեին, Սուսաննա Մուրադյանը պատասխանեց.

-Եթե մարդը երեկ չէր պայքարում իր իրավունքների համար, բայց այսօր է որոշել պայքարել, չի կարելի ասել, որ ուշացած է: ՀՀԿ-ն մեծամասնություն է կեղծ, գնված քվեների հետևանքով: Բազմիցս ասել եմ՝ մեր Ընտրական օրենսգրքում գրված չէ, որ մարդու քվեն արժե 10.000 դրամ: Եթե գրեն՝ կընդունենք ու կգնանք առաջ, բայց քանի դեռ նման բան չկա, ուրեմն գնովի քվեն արդար չէ, հանցագործություն է: Հանցագործություն անելով խորհրդարանում մեծամասնություն են դարձել ու  դրա դեմ պայքարելը երբեք ուշ չէ: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին