Բեմադրիչ Նորա Գրիգորյանը 12 տարվա աշխատանքից հետո հեռացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից։
Բրավո.am-ը գրում է, որ կայքի հետ զրույցում Գրիգորյանը պատմել է նման որոշում կայացնելու դրդապատճառների ու իր հետագա ծրագրերի մասին։
- Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կայացրիք թատրոնից հեռանալու որոշումը:
- Այս որոշումն իմ մեջ հասունանում էր մոտ 2 տարի։ Ներսումս ամեն ինչ վաղուց արդեն իսկ որոշված էր՝ նույնիսկ առանց ինձ։ Եղան պահեր, երբ փորձում էի մնալ, պայքարել եւ հավատալ, որ ամեն ինչ կարելի է փոխել։ Բայց եկավ մի պահ, երբ հասկացա՝ ինձ միտումնավոր հեռացրել են ամեն ինչից։ Ղեկավարությունը մեկ ամիս ձգձգում էր իմ հեռանալը ոչ թե այն պատճառով, որ թատրոնի նվիրյալ էր գնում, այս դեպքում կորցնում էին Ալեքսանդր Գրիգորյանի (թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել 1965-2017 թթ,-հեղ.) դստերը, ինչն այդ դեպքում արտաքին հեղինակության համար կարեւոր գործոն էր։ Այն, որ այսօր մարդիկ վայելում են թատրոնի լավ օրերը, հորս շնորհիվ է։
- Իսկ այն որքա՞ն բարդ տրվեց Ձեզ ու արդյոք երկա՞ր ծանրութեթեւ արեցիք։
- Շատ բարդ, քանի որ թատրոնին նվիրված էի սրտով, կենսագրությամբ ու պատմությամբ։ Բայց հետո հասկանում ես, որ քեզ պահպանելն ավելի կարեւոր է։ Ամենադժվարը գիտակցելն է, որ այն մարդը, ով ամբողջ կյանքում մեր ընտանիքի կողքին էր, ում աջակցում էինք ու վստահում, դարձավ իրավիճակն ամենաշատը մանիպուլացնողը։ Նրա մայրը հորս մտերիմ ընկերուհին էր ու ինքն էլ ներկայանում էր որպես մայրիկիս հարազատ քույր։ Թվում էր՝ հենց նա պետք է հենարան դառնար ինձ, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, եղան խոստումներ, երդումներ, թատերական արցունքներ եկեղեցում, բայց արդյունքում խոչընդոտներ ստեղծվեցին ու փաստերը խեղաթյուրվեցին։ Եվ երբ գնում էի խոստումների հետեւից, ինձ ներկայացնում էին որպես սպառնալիք ու ընդդիմություն՝ դրանով իսկ մյուսներին լարելով իմ դեմ։ Դրանով ոչ միայն մերժում էին ինձ աջակցել, այլ նաեւ օգտագործում ու դավաճանում։ Հորս մահից հետո թատրոնում իմ նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, բայց տարիների ընթացքում փոխվել եմ նաեւ ես։ Ցավով եմ գիտակցում, որ ինձ ասոցացնում էին ղեկավարության պայքարի հետ, ոչ թե՝ աշխատանքի։ Շարունակում էի անել իմ գործը, մինչեւ վերջնականապես հասկացա, որ երբեք աճ չի լինելու։ Ու դա հորս անունը եւս կվարկաբեկեր, դրա համար էլ որոշեցի այդ ամենին վերջ տալ։ Ինձ տրվող ամեն բան ներկայացվում էր որպես «նվեր», ոչ թե որպես իրենց ուղիղ պարտավորություն կամ իմ գործին արժանի վերաբերմունք։
- Իսկ ի՞նչ էր կատարվում թատրոնի ներսում եւ ովքե՞ր Ձեզ աջակցեցին։
- Գործընկերներս լռում էին՝ ոմանք խուսափում էին հարցերից, ոմանք օգտվում իրավիճակից։ Սովորաբար, խոսում էին իմ թիկունքում։ Հենց այդ լռությունն էլ նրանց պատասխանն էր։ Ամենացավոտն ամենամոտ մարդկանց լռությունն էր՝ ներառյալ ընտանիքիս ընկեր համարվող մարդու։ Փորձում էի ամեն ինչ անձամբ լուծել, առաջին դիմումս գրելուց հետո խնդրել եմ լուռ հեռանալ, քանի որ խնդիրը ներկայիս ղեկավարն ու անձնակազմը չէին։ Ցավոք, հետագայում իրեն ընտանիքիս բարեկամ համարվող մարդն իր իսկ ձեռքով ինձ համար ավելի դաժան իրականություն բացահայտեց։ Երբ այդ ամենից հետո նրանից պատասխաններ պահանջեցի, իր մեջ քաջություն չգտավ ասելու, թե ինչու էի արժանացել այդպիսի վերաբերմունքի։
- Ստանիսլավսկու անվան թատրոնը կապված է Ձեր հայրիկի ու նրա գործունեության հետ, այն շատ հարազատ վայր է Ձեզ համար։
- Հասկացա, որ թատրոնի ոգին կարելի է պահպանել՝ նաեւ նրա սահմաններից դուրս լինելով։ Ես հորիցս չեմ հեռացել, հեռացել եմ աշխատանքից ու այն մշակված համակարգից, որտեղ խեղաթյուրում էին նրա անունը։ Դա անողը չէր պատժվում, այլ շարունակում էր հորս անունն օգտագործել մանիպուլյացիաների եւ արտաքին փայլի համար։ Ես թատրոնից հեռացա լուռ, արժանապատվությամբ եւ սիրով։ Ինձ իսկապես հասցրին նրան, որ խոսեցի ամբողջ խմբի ներկայությամբ։ Ուրախ եմ, որ թատրոնն ապրում է եւ նոր թիմ, հարթակներ, հաղթանակներ եւ հնարավորություններ ունի։ Շնորհակալ եմ հորս մտերիմ ընկերոջ որդուն՝ թատրոնի ներկայիս տնօրեն Սուրեն Շահվերդյանին, ով մեկ ամսից ավելի փորձում էր հաշտության եզրեր գտնել։ Համոզված եմ, որ ներքուստ հասկանում էր ըմբոստությունս, բայց նաեւ պաշտպանում էր մյուս գործընկերոջը։ Հավատում եմ, որ նա նոր թատրոն կստեղծի եւ մեծ հաջողությունների կհասնի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում