«Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը»,-
Ավետիք Իսահակյանը` Սիլվա Կապուտիկյանի մասին
Հունվարի 20-ին Վանից գաղթած ընտանիքում ծնվել է հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը:
Սովորել և ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։
1936 թվականին ընդունվել և 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950-ին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։
Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Անկեղծությամբ շնչող նրա սիրային բանաստեղծություններում սիրո բերկրանքն ու տագնապն են, կարոտի կանչն ու հուսահատությունը, տառապանքն ու վիշտը («Հայնեական երգեր», 1966 թ., «Երգ երգոց», 1970 թ., «Լիլիթ», 1981 թ., «Ձմեռ է գալիս», 1983 թ.):
Կապուտիկյանը խորապես մտահոգվել է Սփյուռքի ճակատագրով, հայապահպանության խնդրով: 1962–63 թթ-ին և 1973 թ-ին այցելել է սփյուռքահայ գաղթավայրեր, գրել «Քարավանները դեռ քայլում են» (1964 թ.), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976 թ.), «Քարավանները հեռանում են» (1999 թ.), «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» (2002 թ.) ուղեգրությունները, որտեղ անդրադարձել է սփյուռքահայի հոգսերով ու փորձություններով լի ճակատագրին: Նա հայությանն ուծացումից փրկելու միակ երաշխիքը համարել է Հայաստանը: Կապուտիկյանի ուղեգրությունները մեծապես նպաստել են սփյուռքահայության միասնությանը, ներքին հոգևոր կապերի պահպանմանն ու զարգացմանը:
Կապուտիկյանին մշտապես հուզել են ժամանակաշրջանի հրատապ ու կարևոր հարցերը: Հրապարակախոսական երկերում արտացոլել է արցախահայության ազատագրական պայքարը, հայ ժողովրդի ինքնորոշման ու անկախության խնդիրները («Իմ ժամանակը: Հրապարակագրություն և ուղեգրություն», 1979 թ., «Էջեր փակ գզրոցներից», 1997 թ., «Վերջին զանգը», 2006 թ.):
Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ,
Անցնում եմ իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տեղերում իսկ
Քե՜զ եմ փնտրում կարոտով:
Ասում են, թե մոռացել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես,
Մոտս թողել քո հոգին:
Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է, որպես երդում
Անունդ իմ շուրթերին:
Ասում են, թե ինձ դավել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին:
Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կանգնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն:
***
Հպարտ, բյուրեղյա քո ծաղկամանում
Ահով նվիրած իմ ծաղիկները
Օրերով անջու՛ր, անջու՛ր են մնուն:
Ու կաթիլ- կաթիլ՝ թոշնած թերթերը
Արցունքներիս պես ընկնում են նկուն
Գրասեղանիդ սառը ապակուն…
***
Շարվել ենք շարված, կողք կողքի`
Շախմատի քարերի նման,
Ուզում ենք հաղթել մեկ մեկի`
Շախմատի քարերի նման.
Բայց մեկ է, զինվոր թե արքա՝
Հաղթենք էլ, իջնելու ենք ցած
Տախտակին նորերն են շարքի`
Շախմատի քարերի նման…
Ստորև բանաստեղծուհու տողերը` Վահագ Ռաշի կատարմամբ