«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայում ավարտվել է ՌԴ արտգործնախարար Լավրովի նախաձեռնությամբ Նալբանդյան-Մամեդյարով արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի շուրջ, պայմանավորվել են շարունակել շփումները: Հանդիպումից հետո նախարարներին միացել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Անջեյ Կասպրչիկը: Հազիվ թե լայն հանրությանը ընդհանրապես հայտնի դառնան ավելի հանգամանալից մանրամասներ, եթե, իհարկե, դրանք ընդհանրապես կան:
Չնայած տարածված այն հռետորաբանությանն ու մտայնությունը, որ խնդիրը ռազմական լուծում չունի, իրական քաղաքականության ռեժիմում բոլորի համար է հասկանալի, որ խնդիրը կարող է լուծում ունենալ հենց միայն ռազմական ճանապարհով, այսինքն՝ երբ կողմերից որեւէ մեկը ռազմական պարտության մատնի մյուս կողմին: Այլապես հակամարտության բնույթը եւ տրամաբանությունը խորքային իմաստով այնպիսին են, որ քսանամյա գործընթացը պարզապես երկրորդ կարծիք չի թողել՝ առնվազն եւս երկու տասնամյակ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմում ընդունելի չի լինելու կարգավորման ներկայացվող որեւէ փոխզիջումային տարբերակ՝ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական տարբերակով ավարտ կամ կարգավորում անհնար է, քանի որ կողմերը ի վիճակի չեն միմյանց հաղթել կամ պարտության մատնել, առավել եւս այն կողմը, որին չի գոհացնում ներկայիս ստատուս քվոն՝ Ադրբեջանը: Այսպիսով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ խնդիրը լուծում չունի, ավարտի տարբերակ չունի, եւ կամ պետք է հասնել արձանագրման, որ այն վաղուց ավարտված է, եւ ավարտը հենց ներկայիս ստատուս քվոն է, կամ պետք է գտնել, այսպես ասած, շարունակության որեւէ ֆորմատ, որեւէ տարբերակ, որով այն կշարունակվի «չկարգավորվածության», բայց միաժամանակ նաեւ ռազմական լայնածավալ բախումներ թույլ չտալու պայմաններում:
Սա, իհարկե, ամենեւին էլ լավագույն, առավել եւս իդեալական տարբերակը չէ, սակայն ուզենք թե ոչ՝ այլ տարբերակ չկա, եւ առավելագույնը, որին իրատեսական կարող է լինել հասնել, առաջնագծում կորուստների ծավալի էական նվազեցումն է: Դրան հասնելու տարբերակը առաջին հերթին հայկական պաշտպանական կարողությունների շարունակական կատարելագործումն է, իսկ մյուսը՝ դիվանագիտական ասպարեզում քսանամյա տրամաբանության հետեւողական փոփոխությունը կամ փոփոխությանն ուղղված հետեւողական քաղաքականության իրականացումը: Թեկուզ համեմատական կայունության եւ խաղաղության հասնելու, պահելու կամ ամրապնդելու գործնական այլ տարբերակ չկա:
Մնացյալ հանգրվանները՝ հայկական կողմի որեւէ մակարդակի մասնակցությամբ հանդիպումները, շփումները, պետք է ենթակա լինեն հենց այդ տրամաբանությանը կամ չլինեն ընդհանրապես: Հակառակ պարագայում դրանք ենթակա են լինելու ապակայունացման տրամաբանությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում