Ինձ հետաքրքիր չէ, որ դպրոցի տնօրենի անունը կապում են պաշտոնյայի հետ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ խոսելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրենի մասին։ «Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում։ Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ։ Նման տեղեկություն չունեմ, ու դա բացարձակ հետաքրքիր չէ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»,- նկատեց նախարարը։

Դումանյանը վստահեցրեց, որ դպրոցներում չկան հովանավորչություն և կոռուպցիոն սխեմաներ։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են աշակերտներն ու դպրոցի անձնակազմը աղմկում։ «Ես չեմ կարող աղմկողների անունից խոսել, հավանաբար, նրանց աղմկացնում են: Իհարկե, այս աղմուկը հիմնավոր չէ: Եթե կան մարդիկ, որ համարում են, որ ինչ-որ բան եղել է անօրինական, թող դիմեն, իրավական լուծումներ ստանան: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, չի կարելի»,- շեշտեց նախարարը։


