▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է Արցախի աբխազացումը. Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է Արցախի աբխազացումը

Ռուսական զորքը մտավ Քարվաճառ, մինչ այդ այն մտել էր Քաշաթաղ (Լաչին)՝ փակելով ադրբեջանական զորքի ճանապարհը դեպի նախկին Լաչինի շրջան։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռուսները թույլ են տալու, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի այդ տարածքներից «դուրս գալուց» հետո այնտեղ մտնեն ադրբեջանական զորքերը, առավելեւս՝ «Նիկոլ Փաշինյանին պատժելու համար»՝ դա նշանակում է որ այդ մեկը գաղափար չունի ոչ միայն ռուսական նեոկայսերապաշտությունից, այլ, ընդհանրապես, քաղաքականությունից։ Հաշվի առնելով այն, որ անգամ Արցախի պաշտպանության բանակը դեռ Օմարի պոստերից չիջած՝ Քարվաճառի հայ բնակչությունը արդեն լքում է իր տները՝ վառելով այն, ինչը որ չի կարողանում տարհանել՝ կարելի է նաեւ կռահել, որ ռուսները չեն պնդի նաեւ, որ Արցախի պաշտպանության բանակը դուրս գա Քարվաճառից, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում այնտեղ չեն մտնի ո՛չ ադրբեջանցի փախստականները, ոչ էլ ադրբեջանական ոստիկանությունը։ Եվ այդ ամենը առանց տխրահռչակ հայտարարության պաշտոնական դենոնսացիայի Հայաստանի կողմից, մանավանդ որ դրանում ոչ մի բառ չկա Արցախի պաշտպանության բանակի մասին։ Ով հետեւում է ադրբեջանցի վերլուծաբանների ելույթներին, կհասկանա թե ինչ եմ ասում․ նրանք շատ արագ սթափվեցին իրենց անհիմն էյֆորիայից եւ այժմ գլխներին են խփում, թե այս ինչ արեցին, շատերն էլ արդեն Ալիեւի հրաժարականն են պահանջում՝ նրան դավաճան անվանելով։

Ռուսները լավ են գիտակցում, որ առանց Հայաստան-Արցախի միջեւ Քարվաճառ-Քաշաթաղ լիարժեք ցամաքային կապի արցախահայերի բացարձակ մեծամասնությունը չի վերադառնա իր բնակավայրերը, շրջափակված Արցախ, իսկ դա նշանակում է, որ Արցախի աբխազացման ռուսական ծրագիրը կտապալվեր, եւ արդեն առնվազն 5 տարի հետո նաեւ միջազգային ճնշման տակ ռուսական զորքերը ստիպված էին լինելու դուրս գալ Արցախից եւ փոխարինվել միջազգային խաղաղապահներով, քանի որ տապալած կլինեին իրենց հիմնական հումանիտար առաքելությունը՝ փրկել արցախահայությանը էթնիկ զտումներից եւ երաշխավորել նրանց անվտանգությունը։ Ռուսները նաեւ չեն կարող առանց Արցախի պաշտպանության բանակի ֆիզիկապես ապահովել Արցախի Հանրապետության սահմանների պահպանությունը եւ դրանց անձեռնմխելիությունը։
     Ինչ վերաբերում է մեր կորցրած Հադրութին, ապա չեմ բացառում, որ հենց բանը հասնի ադրբեջանական փախստականների վերադարձին Աղդամ, որը եւս, ոնց հասկանում եմ, անցնելու է ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ապա ռուսները՝ «Արցախի իշխանությունների պահանջով» կարող են սակարկել Հադրութի հայ բնակչության վերադարձի համար, ընդ որում՝ Հադրութի շրջանը եւս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո անցնելու դիմաց։

Պետք է նաեւ գիտակցել, որ Արցախը այսուհետ փաստացի անցնում է գրեթե ուղիղ ռուսական կառավարման ներքո։ Նաեւ ունենալով իր ազդեցության գործակալներին Արցախի բարձրագույն, այդ թվում՝ ռազմական ղեկավարության ներքո (եւ դրանց մասնակցությունը Շուշիի հանձնման գործողությանը դեռ պետք է պարզել), Ռուսաստանի համար մեծ դժվարություն չի ներկայացնի մոտ ապագայում իր ազդեցությունը առավել ինստիտուցիոնալցնելը։

Այսպիսով, ոչ թե ռուսները տեղակայեցին իրենց բազան Արցախում, այլեւ ձգտելու են ամբողջ Արցախը դարձնել իրենց բազան, իսկ արցախահայությունը դառնալու է այդ բազայի բաղկացուցիչ տարրը։ Ու այս ամենը՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության գլուխ Հայաստանում։
     Այլ հարց է, որ ստանալով Արցախը՝ ռուսները ամեն ինչ անելու են զուգահեռաբար հասնելու իշխանափոխության Հայաստանում եւ Ադրբեջանում՝ հաստատելու համար երկու երկրներում էլ իրենց խամաճիկային իշխանություններին։ Բայց Արցախի աբխազացման իր ծրագրերը որեւէ կերպ չեն զոհաբերվելու այս հարակից խնդիրների լուծմանը, քանի որ ի դեմ ուժեղ եւ բնակեցված պրոռուսական Արցախի նա երկարաժամկետ լծակ է ստանալու երկու երկրների վրա էլ պարբերաբար ճնշում գործադրելու համար։ Սակայն որ երկրում նա առաջինը հաջողության հասավ իր խամաճիկներին իշխանության բերելու հարցում, այդ երկիրը առավել շատ բան է կորցնելու իր ինքնիշխանությունից եւ ազգային շահերից, քանի որ ունենալով այդ եկիրը իր գրպանում Կրեմլը հենց այդ երկրի շահերը զոհաբերելու հաշվին էլ փորձելու է սիրաշահել մյուս երկրին՝ իր ազդեցության շառավիղ մտցնելու եւ Արեւմուտքի (Հայաստանի դեպքում) կամ Թուրքիայի (քաղաքական եւ ռազմական) աջակցությունից հրաժարեցնելու համար։

Դա պարզ դասագրքային քաղաքագիտական ճշմարտություն է։ Ու պարզ է նաեւ այն, որ այժմ Հայաստանը ավելի թույլ օղակ է այս հարցում, քանի որ նախ ավելի ժողովդրավարական է եւ ռուսական գործակալական ցանցը եւ ազդեցության գործակալները վխտում են մեր երկրում ու անպատիժ խժդժություններ սերմանում, ի տարբերություն Ադրբեջանի, ուր ալիեւների ընտանիքը իշխանության գալուց ի վեր սկսել է մաքրել իշխանական բուրգը Ռուսաստանի խամաճիկներից, շարունակելով անել դա անգամ պատերազմի տարիներին։ Բացի այդ, Հայաստանի ժողովուրդը իրեն պարտված է զգում (ու եթե մեկը հանկարծ համարձակվում է ասել, որ ստորագրված հայտարարությունը առնվազն կապիտուլյացիա չէր, առավելեւս՝ դասական իմաստով, ապա նրան ծաղրուծանակի են արժանացնում), իսկ ռուսական եւ հայաստանյան ռուսահպատակ բոլոր ԶԼՄ-ները կազմակերպված արշավ են սկսել՝ բարդելու համար կատարվածի մեղքը Նիկոլ Փաշինյանի վրա (իրենց իսկ լեզվով ասած՝ с больной головы – на здоровую), ինչը մեծապես ավելացնում է նախկին կոալցված ռուսամետ թալանչիների շանսերը ռեւանշի հասնելու Հայկական հեղափոխության հանդեպ։

Այսպիսով, պատերազմի սկզբից ի վեր հայկական բանակի արիության եւ Արցախի իշխանությունների կոշտ, քաջ ու ինքնիշխան դիրքորոշման հետեւանքով էր (հիշենք, որ Արցախի իշխանությունները պատերազմի սկզբնական շրջանում վերահաստատեցին իրենց վաղեմի դիրքորոշումը, որով դեմ էին ռուս խաղաղապահների մուտքին), որ Մոսկվան զգաց, որ կարող է կորցնել իր վերջին շանսը Հարավային Կովկասում հանձին Արցախի եւ սկսեց պայքարել հանուն Արցախի ժողովրդի համակրանքի, պաշտպանել նրա շահերը՝ նախ քարոզչական ճակատում, ապաեւ՝ որոշ ռազմատեխնիկական օգնությամբ։ Տեսեք թե որքան է նեղված Կրեմլը, որ հայերը ֆեյսբուքում համատարած դավաճան են անվանում Ռուսաստանին (այսքանից հետո կասկածե՛ք սոցիալական ցանցերի ուժի վրա), այն աստիճան, որ հատուկ հարցազրույց են կազմակերպում Պուտինի խոսնակի հետ, ու տալիս են այդ հարցը եւ Պեսկովն արդարանում է, որ դա անհիմն է, որ իրենք դավաճան չեն, ավելին, հայերի քիմքին հաճելի, նաեւ դիվանագիտական առումով խիստ կարեւոր մի բան է հահտարարում՝ որ այս պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի դրդմամբ, այսպիսով դառնալով Մինսկի խմբի երրորդ համանախագահ երկիրը, որ պաշտոնապես ու ամենաբարձր մակարդակով ընդունեց դա, ինչի կարեւորությունը անհնար է գերագնահատել Արցախի կարգավիճակի եւ անվտանգության շուրջ հետագա բանակցային գործընթացի տեսանկյունից։
     Ռուսները փաստացի գրավեցին Արցախը։

Փաստ է, որ ավելի մեծացավ ռուսական ազդեցությունը Հայաստանի վրա եւ ՆԱՏՕ մտնելու հեռանկարը էլ ավելի հեռացավ, անկախ թե ով կլինի Հայաստանում կառավարության գլուխ։ Սակայն Հայաստանի հասարակության ինքնիշխանության ու ազատության բնազդից, արժանապատվության զգացողության մակարդակից է կախված, որ մենք արտաքին, տվյալ դեպքում՝ ռուսական, կառավարման չհանձնենք նաեւ Հայաստանը։ Իսկ դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք պահել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որքան էլ որ տարբեր հարցերում դժգոհ լինենք նրա քաղաքականության այս կամ այն դրվագից կամ ուղղությունից (հատկապես կադրային քաղաքականությունում, հուսամ, հետեւություններ կարվեն)։ Ո՞ւմ համար դեռ պարզ չէ, որ Հայաստանում այս պահին Կրեմլի ունեցած լծակների ներքո որեւէ իշխանափոխության հետեւանքով կառավարությունը վերցնելու են ռսահպատակ նախկին թալանչիները եւ որեւէ ազգային ուժ շանս չունի։ Մենք պետք է ցույց տանք, որ անգամ այժմ, այսքան կորուստներից հետո, այդքան ռուսական ճնշումներից հետո, ինքներս ենք որոշելու թե ով է լինելու մեր պետության իշխանությունը, այսինքն՝ որ մենք ինքնիշխան ենք ու չենք զիջի մեր երկիրն ու մեր ազատությունը։ Այդժամ Կրեմլում միայն կհարգեն եւ կհամակերպվեն մեր իրավունքների հետ եւ կփոխեն մեզ հետ խոսելու այս քամահրական եւ անիրավ լեզուն (որը մինչ այժմ երբեք իրենց թույլ չեն տալիս իրենցից շատ ավելի քիչ կախված, իրենց հանդեպ իրեն շատ ավելի հանդուգն պահող «հարգարժան Իլհամ Հեյդարովիչի» հանդեպ), կսկսեն փորձել սիրաշահելով եւ զիջումներ անելով ստանալ մեր հավանությունը այս կամ այն հարցում՝ առանց մեր ազգային շահերը վնասելու եւ այլ երկրներից տնտեսական եւ քաղաքական օժանդակությունից հրաժարվելու, առանց որի մեր հետագա զարգացումը հարցականի տակ է լինելու, ինչպես որ ճահճացած են մնացել Ռուսաստանի տակ մտած Աբխազիան, Օսիան, Մերձդնեստրը։ Արցախի աբխազացումը անխուսափելի էր Արցախի հայության անվտանգության տեսանկյունից, սակայն չպետք է թույլ տանք Հայաստանի աբխազացում։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կփոխենք միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ, օրինակ, մյուս տարվա վերջում նա չկարողացավ ապահովել այն տնտեսական լավ ցուցանիշները (ամենաբարձրը ամբողջ եվրոպական եւ հետ-խորհրդային տարածաշրջանում), որը ունեցավ Հայաստանը իր իշխանության առաջին մեկուկես տարիներին։ Ու թշնամու հանդեպ այն ջղայնությունը, որը համակել է մեր ժողովրդին՝ Հայաստանում թե Սփյուռքում, եւ արդարությունը վերականգնելու այն էներգիան, որը կուտակվել է բոլորիս, այդ թվում՝ հենց Նիկոլի մոտ, ինձ վստահություն է ներշնչում, որ մեր ինքնիշխանությունը պահպանելու դեպքում եւ արեւմտյան ֆինանսական աջակցությունը ստանալով՝ մենք ոչ միայն ունենալու ենք այն թռիչքաձեւ զարգացումը, որը կարող է հիմքեր նախապատրաստել մեր հետագա հաղթանակների, այլեւ, ինչը շատ ավելի կարեւոր է՝ արմատապես նորոգելու ենք մեր, յուրաքանչյուրիս մտածողությունը, դարձնելով այն ավելի ազատ, կշռադատող, քննադատական, ռացիոնալ, մյութոսներից եւ կարծրատիպերից զերծ, սեփական ուժը ճիշտ գնահատելու ու դրա վրա հենվելու, ապագային, այլ ոչ թե անցյալին միտված։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին