«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միանգամայն իրարամերժ հայտարարություններ են արել: Մարտի 11-ին Վիգեն Սարգսյանը «Վալդայ» ակումբի՝ Երեւանում կայացած նիստում ելույթի ժամանակ հայտարարել է. «Հայաստանը կարող է կապող օղակ լինել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ»:
Իսկ ահա Սերժ Սարգսյանը մարտի 13-ին իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում նույն թեմայով խոսելիս ասել է. «Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արեւմուտքի եւ ՌԴ միջեւ, չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ՝ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արեւմուտքի եւ ՌԴ միջեւ»:
Նկատենք, որ երկրի առանցքային պաշտոնյաների կողմից կարեւորագույն խնդիրների վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները, թերեւս, իշխանության ներսում տիրող իրավիճակի լավագույն վկայությունն են. ամենակարեւոր հարցերի շուրջ նրանց միջեւ չկա միասնական դիրքորոշում: Ընդ որում, միասնական դիրքորոշում չկա հենց անվտանգության բաղադրիչի վերաբերյալ հարցում: Թե այսքանից հետո ՀՀԿ-ն ինչպե՞ս է ներկայանում «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով, առնվազն տարօրինակ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում