▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան

Հիմա հիմնական թեմաներից մեկն ընդդիմության մանդատները վայր դնելու հարցն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ոմանք ասում են, որ նման դեպքում ոչ մի արտառոց  բան էլ չի լինի, բացի ԱԺ բյուջեի ծախսերի կրճատումն ու մի քանի տասնյակ ընտանիքների սոցիալական վիճակի վատթարացումը:

ԱԺ-ն կարող է շարունակել իր աշխատանքն առանց անիմաստ բանավեճերի, որի նպատակն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը հիշեցնում է իր գոյության մասին ու ԱԺ աշխատանքների պատրանք  ստեղծի:

Մյուս կողմից Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգն ունի կետեր, որոնք վերաբերվում են ընդդիմությանը և դրա բացակայության պայմաններում ԱԺ-ն դառնում է ոչ լիարժեք: Օրինակ, որ ընդդիմությունը պետք է որոշ պաշտոններ ստանձնի և մանդատների քանակը պետք է լինի 1/3 և այլն:

Հասկանալով, որ գործող ռեժիմի պարագայում, բացարձակապես կարևոր չէ, թե սահմանադրության ու օրենքների որ կետերն են խախտվում. ինչպես ցանկանան, այնպես էլ կձևակերպեն ու կշարունակեն իրենց աշխատանքը: Բայց........, առաջանում են մի շարք հարցեր գործող իշխանության ներքին ու արտաքին լեգիտիմության խնդրում:

Ներքին խնդիրներ

Ներքին կյանքում այս ԱԺ-ն չի ներկայացնի հանրության քաղաքական պատկերացումների համամասնությունը: Փաստորեն, հիմա ԱԺ-ն ներկայացնում է հանրության 25%-ն (ընտրություններին մասնակիցների քանակը) 2021-ի քաղաքական վիճակի պատկերացմամբ , իսկ ներկայիս սոցհարցումների տվյալներով ընդամենը 5-10 %, ինչը նոնսենս է ու նման ԱԺ-ն չի կարող որպես բարձրագույն քաղաքական մարմին ընկալվել: Սա հայտնի անձի իր «լեգիտիմության» հեքիաթի ավարտը կլինի:

Արտաքին խնդիրներ

Հայաստանը լրջագույն աշխարհաքաղաքական խնդիրների ու որոշումների առջև է կանգնած և ոչ մի միջազգային պարտնյոր չի ցանկանա աշխատել այն կառավարության հետ, որի ցանկացած որոշման օրինականությունը հաջորդ իշխանությունը կարող է դատարանում վիճարկել: Ում է պետք նման պարտնյոր Հայաստանում և ով պետք է լուրջ բանակցություններ վարի իրենց հետ: Հենց ռեժիմի արտաքին հովանավորները կստիպեն, որ նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն ու «համոզելու» ձևն էլ կգտնեն:

Հ.Գ. Մակրոնի կուսակցության ԵՄ խորհրդարանում հավաքած 16% -ի հետևանքով Ֆրանսիան արտահերթ ընտրությունների է գնում, իսկ Ուկրաինայում մեծ խնդիր է առաջացել բանակցություններ սկսել Զելենսկու հետ, ում ժամկետն արդեն լրացել է: Իսկ ով ասեց, որ եթե իր հետ որևէ պայմանագիր կնքվի, տարիներ հետո Ուկրաինայի հաջորդ ղեկավարությունը դրանք կասկածի տակ չի դնի ու չի լուծի պայմանագրերը:

Այնպես որ, 5-10 տոկոսը ներկայացնող միակուսակցական խորհրդարանի հետ, որտեղ չկա անգամ պետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ, որևէ մեկը բանակցություններ չի վարի ու, առհասարակ, չի հարաբերվի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին