Եվրամիությունը չպետք է հավասարության նշան դնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, Երեւանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ Բաքվում Եվրոպական խաղերի կազմակերպմամբ Ադրբեջանը մեծ նվեր մատուցեց Հայաստանին, քանի որ դրա շնորհիվ հայ ադրբեջանական սահմանին եւ ԼՂ-ի հետ շփման գծում իրավիճակը մնաց հանգիստ:
Նվերն այն է, որ միջազգային հանրությունը վերջնականապես համոզվեց, թե ով է բախումներ նախաձեռնում, լարվածություն ստեղծում, ում ցանկության դեպքում կարող են զոհվել երիտասարդներ կամ պահպանվել հրադադարի ռեժիմը:
«Սա շատ կարեւոր է եւ այստեղ ես դիմում եմ պարոն Տուսկին եւ բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի նրանք հրաժարվեն համահարթեցման քաղաքականությունից: Դա անպատժելիության եի ինքնավստահության մթնոլորտ է ծնում: Իսկ այդ դեպքում մարդու ոտքերը կտրվում են գետնից, եւ նա կորցնում է իրականության հետ կապը:
Հիմա բաց ու մեծամիտ հայտարարության մասին, որն իրեն թույլ է տվել Ադրբեջանի նախագահը: Մենք սովորել ենք, որ նման լկտի հայտարարությունները հասնում են անհեթեթության: Անհեթեթ չէ՞, երբ մարդը, որը նախագահ է դարձել ժառանգաբար, մեղադրում է մյուսին նրանում, որ վերջինս նախագահ է դարձել այլոց օգնությամբ: Անհեթեթ չէ՞, երբ մարդը, որն առավոտից երեկո այլատյացություն է քարոզում, մեղադրում է Եվրոպային եւ այլոց այլատյացության եւ իլսամատյացության մեջ: Անհեթեթ չի՞ հնչում, երբ մարդը, որը հայերին համարում է աշխարհի ամենավատ մարդիկ, մեղադրումէ Եվրոպային եւ Հայաստանին ռասիզմի մեջ: Անհեթեթ չի՞ հնչում, երբ ունենալով առավել վատ հարաբերություններ շատ մահմեդական երկրների հետ, քան Հայաստանն ու Եվրոպան, մեղադրում է նրանց իսլամատյացության մեջ:
Վստահ եմ, որ թեեւ Եվրոպայում շատերի գլուխն է պտտեցնում նավթի ու գազի հոտը, մենք, միեւնույն է, կկանգնենք ճշմարիտ ուղու վրա: Հակառակ դեպքում, բոլորը կսկսեն ներել ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլեւ գործողությունները: Ստիպված եմ արտահայտվել մեր հայտնի հայրենակից Վիլյամ Սարոյանի խոսքով. «Մարդիկ, ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»«- հայտարարել է ՀՀ նախագահը: