Ինչպես գիտենք, քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում: Ամեն ինչ և հատկապես ամեն թիվ ինչ-որ նշանակություն ունի: Այսպիսի համընկնումներն անվանում են քաղաքական ակնարկ: Եվ ո՞րն է այստեղ այդ ակնարկը:
Երևի արդեն քչերն են հիշում, թե ինչ օր է մեր պատմության մեջ դեկտեմբերի 2-ը: Այս օրը կարելի է անվանել կրկնակի պարտության օր, քանի որ նույն օրը կնքվեց մեզ համար մի խայտառակ պայմանագիր` Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իսկ դրանից մի քանի ժամ առաջ Երևանում ստորագրվել էր Երևանի համաձայնագիրը, որով Հայաստանը խորհրդայնացվեց:
Իսկ ի՞նչ է անում Ռուսական ժամանակակից կայսրությունը` նախ 2011 թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, ինչը, արդեն հասկանում ենք, տեղի ունեցավ Մոսկվայի անօրինական պայմանագրի կնքման օրը` ուղիղ 90 տարի անց: Սա նշանակում է Մոսկվայի պայմանագրի կրկնություն և Կարսի պայմանագրի երկկողմ ցանկության արտահայտում: Հաջորդ քայլը կատարվում է հենց վաղը` դեկտեմբերի 2-ին: Պուտինի գալը Հայաստան Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունից հետո կնշանակի Հայաստանի ժամանակակից խորհրդայնացում, իսկ Գյումրի այցը կնշանակի Պուտինի հավանությունը Ալեքսանդրապոլի պայմանագրին:
Իսկ ո՞րն է այս ամենին հաջորդող ամենասարսափելին` Կարսի պայմանագրի կրկնությու՞նը, որով մենք Ռուսաստանի պարտադրանքով կորցրեցինք մեր հայրենիքը: Ահա թե ինչի մասին պետք է մտածել և ուր պետք է նայել: Կարսի պայմանագիրը իհարկե անօրինական է, քանի որ չի կնքվել միջազգային հարաբերությունների սուբյեկտների միջև, սակայն դրա կրկնությունը կնշանակի շատերի իրական հայրենիքի մոռացում: