Հունիսի 15-ը պետական խորհրդանշանների օրն է, որի նպատակը ազգային արժեքների պահպանումն ու դրանց նկատմամբ ակնածանք և խորը հարգանք ձևավորելն է: ՀՀ խորհրդանշաններն են դրոշը, զինանշանը, օրհներգը:
Սակայն, շատերի կարծիքով եկել են խորհրդանշանների փոփոխման ժամանակները, ուստի, որոշել են սկսել դրոշից և օրհներգից:
Այս առիթով ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Անթանեսյանի հետ, ով պատասխանելով հետևյալ 2 հարցերին, այն է, թե որպես պատմաբան որքանո՞վ է նպատակահարմար համարում օրինակ ՀՀ պետական դրոշը փոխելու գաղափարը, ի՞նչն է սխալ կամ թերի և արժե՞ արդյոք փոփոխել:
Ինչ վերաբերում է հիմնին, ապա պատճառաբանում են, թե հիմնի երաժշտությունը իտալական ժողովրդական երգ է, բանաստեղծությունն էլ իտալացի աղջկա երգն է: Արդյոք այդպե՞ս է,-ասել է.
«Կարծում եմ, որևէ բան փոխել այդ առումով տեղին չէ: Այսօրվա դրոշը որպես ազգային դրոշ, գրեթե մեկ դար է, ինչ գործածվում է: Նախ ՀՀ առաջին հանրապետությունում որպես պետական խորհրդանիշ, ապա սփյուռքում` որպես ազգային խորհրդանիշ և, վերջապես, երրորդ հանրապետության օրոք դարձյալ որպես պետական խորհրդանիշ: Ինչո՞ւ փոխել և ի՞նչը չի բավարարում դրոշի փոփոխության ջատագովներին` ինձ համար անհասկանալի է:
Ինչ վերաբերվում է օրհներգին, այն ամենևին էլ իտալական ազգային երգ չէ, ուղղակի Մ.Նալբանդյանի ստեղծագործությունը կոչվում է «Իտալացի աղջկա երգը» և որևէ բան փոխել այս իմաստով դարձյալ անտեղի եմ համարում:
Նման փոփոխությունների ջատագովներն ավելի լավ է իրենց եռանդը չխնայեն` ՀՀ իշխանություններին պարտադրելու` մշակել ազգային գաղափարախոսության հայեցակարգ. այ դրա բացակայությունն այսօր իսկապես ամոթ է և անհասկանալի:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր ՀՀ պետական դրոշը փոխելու գաղափարը:
Հեղինակ` Անի Կարապետյան