Ի՞նչ կա նռան մեջ:
Պոլիֆենոլներ. Նուռը հարուստ է հակաօքսիդանտներով, այդ թվում՝ պունիկալագինով և էլագիկ թթուով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ՝ պաշտպանելով բջիջները վնասից։
Վիտամիններ. Պտուղը հարուստ է վիտամին C-ով, որն անհրաժեշտ է իմունային համակարգի ամրապնդման համար, և վիտամին K-ով, որն ապահովում է առողջ ոսկորները և արյան շրջանառությունը:
Հանքանյութեր. Կալիումը, մագնեզիումը և երկաթը օգնում են նորմալացնել արյան ճնշումը, ամրացնել մկանները և բարելավել արյան կազմը:
Ինչպե՞ս է նուռն ազդում առողջության վրա.
1. Պաշտպանում է սիրտը
Նռան մեջ պարունակվող հակաօքսիդանտները նվազեցնում են «վատ» խոլեստերինի (LDL) մակարդակը և կանխում լիպիդների օքսիդացումը, ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի վտանգը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նռան հյութի կանոնավոր օգտագործումն օգնում է իջեցնել արյան ճնշումը և բարելավում է անոթների առաձգականությունը։
Մեկ ուսումնասիրության ժամանակ հիպերտոնիայով հիվանդները, ովքեր 2 շաբաթ շարունակ նռան հյութ են խմել ամեն օր, նկատել են արյան ճնշման 12% բարելավում:
2. Պայքարում է բորբոքման դեմ
Պտղի մեջ պարունակվող պունիկալագինը հզոր հակաբորբոքային ազդեցություն ունի։ Սա հատկապես կարևոր է քրոնիկ բորբոքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, ինչպիսիք են արթրիտը կամ շաքարախտը:
3. Աջակցում է ուղեղին
Նռան հակաօքսիդանտները պաշտպանում են ուղեղի բջիջները տարիքային փոփոխություններից։ Պունիկալագինը բարելավում է նեյրոպլաստիկությունը՝ օգնելով նյարդային համակարգին հարմարվել և վերականգնել:
Կենդանիների վրա կատարված հետազոտությունները հաստատել են, որ նռան մզվածքը նվազեցնում է ուղեղի բորբոքումները և բարելավում ճանաչողական գործառույթը։
4. Դանդաղեցնում է մաշկի ծերացումը
Նուռը խթանում է կոլագենի արտադրությունը՝ դարձնելով մաշկը ավելի ամուր։ Բացի այդ, վիտամին C-ն օգնում է նվազեցնել պիգմենտացիան և պաշտպանում է արևի վնասից:
5. Աջակցում է իմունիտետին
Նռան մեջ առկա վիտամին C-ն օգնում է ակտիվացնել օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները։ Նռան հյութն ունի նաև հակաբակտերիալ հատկություն՝ պաշտպանելով վարակներից։
Աղբյուր՝ Mediahub.am