▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրական նպատակն է «զուգընկեր» հասկացության ներքո ներառել նույնասեռ անձանց և նրանց միությունը հավասարեցնել ընտանիք հասկացությանը»

Թարմացված. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը հայտարարություն է տարածել ԱԺ օրակարգում ընդգրկված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ

«Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային Ժողովում վերստին քննարկման է դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը:

Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խոսքը, թե. «Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Հայտն. 21.7):

Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ:

Մասնավորաբար` նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը:

Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:

Ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո միությունն է` Աստծո կամքի մեջ միավորված և սերնդագործությամբ օրհնված: Ընտանիքի ավանդական ընկալումը գոյաբանական նշանակություն ունի մեր ազգի համար և չի կարող սակարկման առարկա լինել:

Հետևաբար, բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ` ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար։ Բռնության, ինչպես և ցանկացած այլ չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցներով, որոնք պատճառ չեն դառնա չարիքի խորացմանն ու նոր բռնության:

Արդ, հաշվի առնելով վերը նշված, ինչպես և մի շարք այլ մտահոգիչ ձևակերպումներ ու նորամուծություններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրավախորհրդատվական հանձնախումբն անընդունելի է համարում նմանօրինակ նախաձեռնությունը և հորդորում է Ազգային Ժողովի խմբակցություններին և պատգամավորներին մերժել նախագծի ընդունումը:

Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների և սերունդների նկատմամբ ու հավատարմությունը քրիստոնեական ավանդական ընտանեկան արժեքներին:

Ազգային Ժողովի պատգամավորներին մաղթում ենք արդյունավոր ծառայություն` ի նպաստ մեր երկրի զորացման և ազգային մեր ինքնության ամրապնդման:

* * *

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեսբուքյան գրառումը․ «Այս իշխանությունն իր ապազգային հարվածներից հերթական հարվածն է հասցնելու: Վերջապես կատարելու է իր երազանքը՝ «զուգընկեր» հասկացությունը ներմուծելու է Ընտանիքում բռնության կանխարգելման … օրենք: Այսօր ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանություն է տվել նշված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որը ներկայացվել է երկրորդ ընթերցման:
Նախագծի համաձայն՝ «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»:
Այս բազմիմաստ հասկացության իրական նպատակն է «զուգընկեր» հասկացության ներքո ներառել նույնասեռ անձանց և ըստ էության նրանց միությունը հավասարեցնել ընտանիք հասկացությանը:
Գործող օրենքի մեջ առանց ՔԿԱԳ (ԶԱԳՍԻ) գրանցման ամուսինների հարցը վաղուց լուծված է. նրանց կարգավիճակը հավասարեցված է գրանցված ամուսինների կարգավիճակին, հետևաբար այս «զուգընկեր» հասկացության ներմուծումն այլ նպատակ ունի:
Ազգի շահերի հետ կապ չունեցող վայ իշխանություն, ինչ պիղծ օրենքներ էլ ընդունեք, դրանք վերացվելու են: Ձեր գործողություններից էլ է երևում, որ երկրի անվտանգային կարևոր հարցերը թողած ընկել եք ապազգային բաների հետևից:
Պղծությունը, կռապաշտությունը, հակաբարոյական կենսակերպն են մեր հայրենիքի գլխին եկած պատուհասների հիմնական պատճառները:
Երբ, որ պետական իշխանության երկու ոտքերը՝ արդարությունը և իրավունքը ծռվում են, ապա պետությունը ծնկում է:
Պատրաստ եղեք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին