«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում: Օրինական մեղադրանքի մասին առհասարակ խոսել չենք կարող, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել է ոչ իրավաչափ հիմքերի հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսոր Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նրա դիտարկմամբ՝ քրեական գործի հարուցման օրինական առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռք բերված տեղեկատվությունը, մինչդեռ՝ քրեական գործը հարուցվել է թելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված ձայնագրությունը: Փաստաբանը նշեց, որ ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման շրջանակներում դատարանն արձանագրել է, որ առկա չէ հիմնավոր կասկածը՝ նշելով, որ թելեգրամյան ալիքով հրապարակված ձայնագրությունն անհայտ աղբյուրի կողմից տրամադրված ձայնագրություն է, ինչը հավասարազոր է անոնիմ հաղորդմանը, ինչը երբեք որպես քրեական գործի հարուցման առիթ չի կարող հանդիսանալ:
«Այն փաստական տվյալները, որը դատարանը գնահատել է և դրանով իսկ հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, արդեն իսկ իրավաբանությունից դուրս դատողություններ են: Մենք գործ ունենք անթույլատրելի փաստական տվյալների հետ, նման պայմաններում դատարանը չէր կարող հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը»,-ասաց Ալեքսանյանը:
Նշենք, որ դատարանի բակում հավաքվել էին նաեւ «Իզմիրլյան» ԲԿ-ի մեծ թվով բիշկներ, որոնք հայտարարեցին, որ վաղվանից որեւէ հիվանդի չեն սպասարկելու։ «Տականք եք ոտքից գլուխ», «թքեմ երեսներիդ»,- ասում էին բժիշկները:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու մեկ ամսով կալանավորելու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։
Աղբյուրը՝ lurer.com
Հավելենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ ծանոթացել է դատարանի՝ Չարչյանին կալանավորելու որոշմանը և պատրաստվում են այն բողոքարկել:
«Մենք, միանշանակ, բողոքարկելու ենք: Գտնում ենք, որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն որոշում է: Փաստացի ևս մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում: Մենք դա բազմիցս պնդել ենք, դատական նիստի ժամանակ նույնպես ասել ենք այդ մասին, ներկայացրել ենք բազմաթիվ փաստարկներ այն մասին, որ այստեղ առհասարակ օրինական մեղադրանքի մասին չենք կարող խոսել, քանի որ քրեական վարույթն անգամ հարուցվել է ոչ իրավաչափ հիմունքների հիման վրա»,- ասաց պաշտպանը:


