Երեկ մի հաղորդման շրջանակներում լսեցի Արա Պապյանի կարծիքը ժողովրդավարություն տերմինի վերաբերյալ, որը նա ցանկանում էր փոխարինել ազատակամություն տերմինով՝մեկնաբանելով, որ այդ տերմինը լավագույնս է արտահայտում մարդու ազատ խոսքի և գործի իրավունքը, իսկ ժողովրդավարությունը կարող է հանգեցնել ամբոխավարության:
Այո, կիսում եմ Արա Պապյանի այս կարծիքը և առավել ևս մեր օրերում, երբ ունենք տարիների ընթացքում կորսված և քայքայված արժեհամակարգերի միջավայրում դեգրադացված հասարակության մի լայն զանգված, այս խնդիրը էլ ավելի մտահոգիչ է դառնում:
Այն, որ ցանկացած իրական պետական գործընթաց պետք է իրականացվի հասարակության համար և հասարակության զարգացման և բարեկեցության համար, դա միանշանակ է, սակայն ժողովրդավարության հենքի վրա կառուցվող գործընթացները հաճախ իսկապես կարող են հանգեցնել անդառնալի արդյունքների:
Ուստի, իսկապես, ես էլ կցանկանայի, որ ժողովրդավարություն տերմինը փոխարինվեր ազատակամություն տերմինով՝իր տրամաբանական հիմքում ունենալով իհարկե նախորդը: