Հունվարի 18-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանի «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության «Կամուրջ»տարեգրքի հերթական համարի շնորհանդեսը: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ այն նախաձեռնել էր տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը: Շնորհանդեսին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Հայ և վրացի գրողներ, ստեղծագործողներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Անահիտ Բոստանջյանը երախտագիտության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարությանը և թբիլիսահայ գործարար Ռաֆիկ Աղաջանյանին, որոնք հովանավորել են «Կամուրջ» տարեգրքի 2013 թվականի համարի տպագրությունը: Նա ներկայացրեց «Կամուրջ» գրական-մշակութային տարեգրքի հիմնադրումից մինչև օրս անցած ուղին, տարեգիրքն անվանելով հայ-վրացական բարեկամության իսկական հուշարձան, կարևորելով բարություն, սեր, եղբայրություն, սերմանելու, աշխարհասփյուռ հայությանը գրականության միջոցով համախմբելու , սերունդներին իրար մերձեցնելու առաքելությունը:
Ողջունելով տարեգրքի հերթական համարի տպագրությունը Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին Անահիտ Բոստանջյան բանաստեղծին, գլխավոր խմբագրին, թարգմանչին և ստեղծագործողին հայ-վրացական գրականությունների մերձեցման գործում ունեցած ավանդի համար փոխանցեց Նիկո Նիկոլաձեի անվան գրական մրցանակը:
Շնորհանդեսը ողջունեցին և Անահիտ Բոստանջյանին բարձր մրցանակին արժանանլու առիթով շնորհավորեցին գրող Ռևազ Միշվելաձեն, նկարիչ Ռևազ Ադամիան, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, «Ցիսկարի» ամսագրի խմբագիր Բաղաթուր Արաբուլին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և ուրիշներ:
Բանաստեղծ Անահիտ Բոստանջյանը երախտագիտությամբ ներկայացրեց Բենիկ Սեյրանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իր հովանավորությամբ տպագրված Բենիկ Սեյրանյանի «Հին Թիֆլիսի ձեները» գիրքը:
Թբիլիսիի թիվ 104 դպրոցի սովորողներ Լիզա Թորոսյանը և Լիկա Մարգարյանը ընթերցեցին հատվածներ տարեգրքում տեղ գտած հեղինակների գործերից, իսկ մենակատարներ Աննա Պողոսովան և Հենրիխ Պետրոսյանը, դուդուկահար Իվանե Մկրտչյանը, դաշնակահարներ Եսայի Սբովյանը և Պավել Օգանեզովը իրենց կատարումներով փայլ հաղորդեցին շնորհանդեսին:
Շնորհանդեսի վերջում խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր օրհնությունը բաշխելով ներկաներին և շնորհավորանքի խոսքեր ուղղելով Անահիտ Բոստանջյանին, Վիրահայոց թեմի առաջնորդը արժևորեց գրականության և գրքի դերը մարդու բարոյա-հոգեբանական ներաշխարհի ձևավորման, սերունդների դաստիարակության գործում և կոչ արեց բարձրարժեք, հետաքրքիր և ուսուցանող գրքերի միջոցով վերստին սեր ներշնչել դեպի գիրն ու գրականությունը, երիտասարդներին դաստիարակել ընթերցասիրության ոգով:
Վերջում ներկա հասարակությանը բաժանվեցին »Կամուրջ» տարեգրքի համարները:
Վիրահայոց թեմի մամլո դիվան