Կարծում եմ՝ կամուրջներն այրված չեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սահմանադրության շրջանակներում Ազգային ժողովն ընդունեց օրինագիծը: Որքան հասկացա, այն ցերեկը չի դրվել քվեարկության տեխնիկական պատճառաբանությամբ, որպեսզի վարչապետի հետ կայանա բանակցության հաջորդ փուլը: Ես տեսել եմ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, որ դեկտեմբերին ուզում է կազմակերպել արտահերթ ընտրություններ»,-ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ այս օրինագիծը արտահերթ ընտրություններ չկազմակերպելու մասին չէր. «Այս օրինագիծն Ազգային ժողովին Սահմանադրական լիազորությունների շրջանակներում պայմաններ ստեղծելու երաշխիքներից մեկն էր և բացարձակ կապ չունի արտահերթ ընտրությունների կազմակերպման քաղաքական գործընթացի հետ:
Այդ գործընթացը չպետք է կազմակերպվի քաղաքական ճնշումների, ուժի, շանտաժի լեզվով, գոռգոռոցների, վիրավորանքների, սպառնալիքների լեզվով»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարցին՝ իսկ ԱԺ կողմից նման օրինագծի ընդունումը շանտաժ չէ՞ր իշխանություններին, Աշոտյանը պատասխանեց. «Բացարձակ, կարծում եմ՝ վերջին շաբաթների ընթացքում դուք տեսել եք հակառակ կողմից նման վերաբերմունք ԱԺ-ի հանդեպ: Ես կարծում եմ, որ քաղաքական կոնսուլտացիաների, երկխոսության համար ոչ միայն կամուրջներն այրված չեն, այլ այս օրինագիծը ստեղծելու է ավելի բարենպաստ միջավայր գործընթացը իրականում քաղաքական, ոչ թե ֆիզիկական դիտարկելու»:
Նա վստահություն հայտնեց, որ հասարակության հետ Նիկոլ Փաշինյանը կարողանում է լեզու գտնել և եթե նա ուզենա քաղաքակիրթ միջավայրում, սահմանադրականության, անվտագության և ներքին կայունության վրա ապահովել Հայաստանի հետագա զարգացումը, ապա ինչպես ինքն է բորբոքում, այդպես էլ կարող է հանդարտեցնել մարդկանց: