Կառավարության գլխի համար կարևոր չէ, թե իրեն ինչ են հարցնում, ինքն իր պրիզմայի մեջ է՝ անիմաստ, անկապ, անբովանդակ, անընկալելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովում Լևոն Քոչարյանը հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Լսեցինք ձեր կողմից կիրթ ու կառուցողական որակում ստացած Ալիևի խայտառակ ագրեսիվ ելույթը: Լսեցինք նաև ձեր խեղճուկրակ պատասխանը: Ինչո՞ւ եք էդքան վախեցած: Արձանագրել բառը շատ եք սիրում: Արձանագրում եք, որ ձեր բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ առաջարկում եք սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Անկեղծ ասեք` միամի՞տ եք, թե ուրիշ բան: Ալիևը թույլ է՞ տալու քեզ վերահսկել իր սպառազինությունը: Թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ս տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»:
Փաշինյանը, ի պատասխան, խորհուրդ տվեց այդ նույն ասածը հանգավորել, որ 4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա ու ավելի շատ դիտումներ ապահովի: «Դուք դպրոցական հանդեսում չեք»,- նկատեց կառավարության ղեկավարը: