«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմանադրական դատարանում դատաքննությունն ավարտվեց։
Պատասխանող կողմի, հարակից պատասխանողների և երրորդ անձի իրավական դիրքորոշման ներկայացումը և հարցուպատասխանը, դիմող կողմերի փաստարկներն ու եզրափակիչ ելույթները, ինչպես նաև ՍԴ վարքագիծը ի ցույց դրեցին շատ պարզ իրողություն։
1. Ընտրություններն անցկացվել են խախտումներով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, երրորդ անձը, ներկայացնելով դիրքորոշումները որևէ հակափաստարկներ, պատասխաններ կամ բացատրություններ չներկայացրեցին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի դիմումում տեղ գտած թեզերի վերաբերյալ։ Վախի մթնոլորտի, պատվիրված ձերբակալությունների, ընդդիմության շտաբային աշխատանքների միտումնավոր պարալիզացում։
2. Ընտրությունների անցկացման սահմանադրաիրավական սկզբունքները չեն պահպանվել։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած թեզերը վերաբերում էին ազատ և հավասար ընտրական իրավունքի սկզբունքներին։ Ըստ էության, ԿԸՀ-ն երրորդ կողմն ու հարակից պատասխանողները ներկայացված փաստակազմի վերաբերյալ չունեին հակափաստարկներ. դրանք չներկայացվեցին ՍԴ։
Այսինքն, ձեռք բերված որևէ այլ ապացույց չի հերքում ազատ և հավասար ընտրությունների սկզբունքների խախտման փաստը։ Պատասխանող կողմը չի ներկայացնում առարկություններ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք դրվում են դիմումի հիմքում, ըստ էության, ընդունում է դիմող կողմի ներկայացրածը։ Սա նշանակում է, որ ներկայացված հանգամանքները, ընդունվում են, քանի որ չեն հերքվում կամ հակափաստարկներ չեն բերվում, համարվում են հաստատված։
3. Արել ենք այն, ինչ պիտի անեինք։
Ճիշտ է, առաջին 2 կետերում տեղ գտածն անհերքելի իրականություն է, բայց ԿԸՀ պետք է տեխնիկապես արձանագրեր կապիտուլյանտ տականքի հաղթանակը։ Դրան ԿԸՀ-ն հասել է, պահպանել է ընտրական օրենսդրության ձևական կողմը, բայց ոչ բովանդակային ամբողջությունը։
4. ՍԴ-ն չի կարող իրացնել սահմանադրական օրենքով նախատեսված իր լիազորությունը (ընտրությունների արդյունքնեդի անվավեր ճանաչելը), քանի որ ՍԴ անօրինական կազմը ևս մեկ անօրինականությամբ հեշտությամբ կփոխվի իշխանությունն օկուպացրած դավաճանի կողմից։
ՍԴ հնչեցրած հարցերից և որոշ դատավորների անկանոն ջղաձգումնեից պարզ դարձավ։ Դատավարությունն ու դրա արտաքին տպավորությունը պետք է ապահովվի այնպես, որ որևէ մեկի մտքով չանցնի տեսական հնարավորություն, թե ՍԴ-ն իրավական կամք ունի վերանալու քաղաքական իրողությունից։ Ապացույցներ չպահանջել, միջնորդություններ մերժել, գործի էության բացահայտումը չկարևորելը։ ՍԴ-ն վախենում է դատարան շրջափակելու, դատավոր փոխելու, իրավապահներին ՍԴ-ի վրա ֆաս տալու անմեղսունակի վարքագծից։
Այնպես որ ամեն ինչ ավելի քան պարզ է։ Գրածս կանխատեսում չէ, քանի որ տեսանելի բաների մասին խոսելը կանխատեսում համարել չեմ կարող։
ԿԸՀ-ն պիտի դակեր, ՍԴ-ն էլ պիտի կարի ՀՀ-ի պատմական խայտառակությունն ու կործանումը։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը կդառնա հայոց պետականության այս ցավալի էջի ձևական-իրավական աջակիցն ու փայատերը»:
|