Կոմիտասի 3, 5, 7, և 7/1 հասցեների հարակից տարածքում կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ն փորձում է կառուցել բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենք, ինչն առաջացրել է այդ շենքերի բնակիչների զայրույթը, քանի որ շենքը կառուցվում է բազմաթիվ ճարտարապետական նորմերի խախտումներով և այդ շենքի առկայությունը փակելու է հարակից շենքերի արևն ու լուսավորությունը:
ԳԱԼԱ-ն գրում է, որ այսօր վաղ առավոտյան, շինկազմակերպությանը հաջողվել է տարածք մտցնել տեխնիկա, սարքավորումներ: Այս պահին լարված իրավիճակ է տարածքում: Բնակիչները կանգնել են տեխնիկաների ու սարքավորումների դիմաց եւ չեն թողնում, որ տարածքում շինարարություն իրականացվի: Տարածք են բերվել նաեւ ոստիկանական լրացուցիչ ուժեր: Կարմիր բերետավորներն իրենց հերթին փորձում են հեռացնել բնակիչներին:
Նրանց նաեւ սպառնացել են, որ բոլոր նրանք, ովքեր կխոչընդոտեն շինաշխատանքներին, բերման կենթարկեն ոստիկանական բաժանմունք: